Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը դեռեւս հոկտեմբերին պարտավորվել էր լուծել Վանատուր թաղամասի թիվ 5 մանկապարտեզի ջեռուցման հարցը, սակայն չի կատարել մանկապարտեզի սաներին եւ ծնողներին տված իր խոստումը: Երեկ տեղեկացանք, որ կրթահամալիրը ջեռուցվում է փայտի վառարաններով, իսկ փայտը հայթայթվում է՝ բակի ծառերը հատելով:
«Ամբողջ քաղաքի ծառերը հատվում են, որպեսզի փայտը տրամադրեն քաղաքի մանկապարտեզներին: Անունը դրել են, թե դա պարտադիր ամենամյա սանիտարական հատում է, որի նպատակը իբր ծառերի երիտասարդացումն է: Բայց դե հասկանալի է, որ հատումների իրական դրդապատճառը մանկապարտեզները ձմռան ընթացքում տաքացնելն է, մի կերպ յոլա տանելը»,-դժգոհեց քաղաքի ակտիվիստներից մեկ՝ հավելելով, որ հիմնականում հատվում են կեչիները, որոնք, ինչպես հայտնի է, առանձնապես ջերմատու չեն: «Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նոր հատված ծառը չի կարող կարգին վառելափայտ համարվել, թեկուզ զուտ միայն այն պատճառով, որ դեռեւս թաց է, ապա պարզ է դառնում, որ մանկապարտեզներում չի կարող ապահովվել նորմալ ջերմաստիճան»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Մանկապարտեզի ջեռուցման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ կրթահամալիրի սաների ծնողների եւ տնօրենի հետ: Պարզվեց, որ չնայած քաղաքապետ Արամ Դանիելյանի «սրտացավությանը եւ ջանքերի գործադրմանը»՝ մանկապարտեզում ջեռուցման վիճակը հեռու է գոհացուցիչ լինելուց:
«Մի կերպ դիմանում են էրեխեքը: Փայտը թաց է, առավոտյան տնտեսվարը դժվարանում Է վառարանները գործի դնել: Իսկ էլեկտրական ջեռուցիչներն էլ միացնում են խնայողաբար՝ պատճառաբանելով, թե ֆինանսները սահմանափակ են»,-բողոքեց թիվ 5 մանկապարտեզի ծնողներից մեկը՝ հասկանալի պատճառով չցանկանալով ներկայանալ:
«Նման բան չկա, մենք ջեռուցում ենք մեր ամբողջ մասնաշենքը: Ոչ մի ծնող չի կարող մեզնից բողոքել: Էլեկտրաէներգիան էլ խնայելու խնդիր չունենք: Քաղաքապետը հրահանգել է մեծ տարածքները ջեռուցել ե՛ւ վառարանով, ե՛ւ պլիտաներով»,-հավաստիացրեց Վանատուր թաղամասի մանկապարտեզի տնօրեն Գայանե Մնացականյանը՝ հավելելով, որ շատ շուտով քաղաքապետը պատրաստվում է կրթօջախում անցկացնել լոկալ ջեռուցում:
Իսկ ինչո՞ւ Արամ Դանիելյանը չի կատարել դեռեւս հոկտեմբերին տված իր խոստումը, որի հետեւանքով, ձմռանն ընդառաջ, մանկապարտեզի տնօրինությունը եւ ծնողները կանգնել են փաստի առաջ: Այս հարցը ուղղեցինք անձամբ քաղաքապետին, որը հավաստիացրեց, թե իր խոստումն ուժի մեջ է. «Ես չեմ հրաժարվում իմ խոստումը կատարելուց: Խնդիրը ձգձգվում է, քանի որ այդ հարցը դրված է մոտ օրերս կայանալիք ավագանու նիստի օրակարգում: Ջեռուցման նախահաշիվը կազմել է շուրջ 4,5 մլն դրամ, որը կտրամադրվի մանկապարտեզին միայն ավագանու որոշմամբ»:
Հիշեցնենք, որ նշված մանկապարտեզի մի խումբ ծնողներ ամիսներ առաջ ահազանգել էին «Ժողովուրդ»-ին` բողոքելով, որ իրենց ստիպում են 10.000-ական դրամ ներդրում կատարել մանկապարտեզի վերանորոգման եւ ջեռուցման համակարգի անցկացման համար: Անօրինական դրամահավաքը կանխվեց թերթի կողմից խնդիրը բարձրաձայնելուց հետո միայն, իսկ քաղաքապետը հրապարակավ խոստացավ խնդրին լուծում տալ «մինչ ցրտերն ընկնելը»: Իսկ ցրտերը վաղուց ընկել են:
ԻՍԿ ՑՐՏԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԸՆԿԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ