ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆՈՐ ՎԱՐԿԵՐ Է ՎԵՐՑՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի Կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Կառավարությանը հնարավորություն կտրվի նոր արտաքին պարտքեր ներգրավել:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ կետերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, իսկ 7-րդ կետում «պետական պարտքը» փոխարինել «կառավարության պարտքը» բառերով: Բանն այն է, որ «Պետական պարտքի մասին» ՀՀ գործող օրենքով հստակ սահմանվում են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ՀՀ պետական պարտքը:
Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ «Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»: Իսկ 8-րդ կետը սահմանում է, որ «6-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին չհամապատասխանող պետական պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է»: Այժմ, ըստ ՀՀ օրենքի, Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը պետք է 3 տոկոսից քիչ լինի:
Ըստ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների՝ այս նախագծով Կառավարությունը պատրաստվում է նոր վարկային միջոցներ ներգրավել, ինչի արդյունքում ՀՀ արտաքին պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը: Պատգամավորները հայտարարում են, որ եթե օրենքում չկատարվի վերը նշված փոփոխությունը, ապա Կառավարությունը չի կարողանա կրկին պարտք անել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը դեմ է այն փոփոխություններին, որոնք ՀՀ Կառավարությունն առաջարկում է կատարել: Միքայել Մելքումյանից փորձել ենք պարզել, թե նախագծի ընդունման դեպքում առաջիկայում ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը:
-Ես շատ լուրջ վերապահումներ ունեմ այդ նախագծի հետ կապված: Պետական պարտքը փոխարինվում է Կառավարության պարտքով, ուղղակի մեթոդաբանորեն այդ տոկոսը համախառն ներքին արդյունքի նկատմամբ իջեցվում է մեխանիկորեն, այսինքն՝ որոշակիորեն ռիսկայնությունը պետության համար իջեցնում են, որին ես կոնկրետ դեմ եմ: Ռիսկայնության հարցը պետք է քննարկվի ու հասկացվի, թե ինչ է Կառավարությունն այդ մասին մտածում, պետք է նաեւ նրանց դիրքորոշումը հասկանալ, որպեսզի հստակ լինի ամեն ինչ: Վիճակագրական մանիպուլյացիաներ են արվում, որին ես դեմ եմ ու քննարկումների ժամանակ իմ տեսակետը ներկայացնելու եմ:
-Իսկ ի՞նչ նպատակներ է հետապնդում Կառավարությունը, Ձեր բնորոշմամբ` նման մանիպուլյացիաների գնալով:
-Կառավարությունը ցանկանում է ռիսկայնությունը իջեցնել, սա նշանակում է, որ շատ վարկեր է ներգրավում: Այդ դեպքում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը պետք է աճեր 60 տոկոսից, հիմա իջեցնում է դրանով, այդ թվում բյուջեի դեֆիցիտը, որը ՀՆԱ-ի 3 տոկոսից ավել չպետք է լինի: Երկու կետով իջեցնում է իր նորմատիվը:
-Ստացվում է՝ ՀՀ Կառավարությունը առաջիկայում մտադիր է նոր վարկե՞ր վերցնել` այդպիսով ավելացնելով ՀՀ առանց այն էլ չափազանց մեծ արտաքին պարտքը:
-Ես ակնկալում եմ, որ ցանկանում են վարկեր ներգրավել, իսկ եթե սահմանված նորմատիվը անցնում է, այլեւս այդ պետությանը վարկեր չեն տրամադրում կամ ավելի դժվար են տալիս: Դոնոր երկրները, միջազգային արժութային հիմնադրամը, համաշխարհային բանկը եւ այլ կառույցներն արդեն դժվարությամբ են նայում այդ ամենին, եթե տեսնում են, որ դու 60 տոկոսից բարձր շեմ ունես, հրաժարվում են քո երկրին որեւէ վարկ տրամադրել: Նախ պետք է ճիշտ հասկանալ, թե ինչու է Կառավարությունն այդպես անում, ինչ են ակնկալում: Երբ կգան, օրենքը կներկայացնեն, այդ ժամանակ մենք իրենց պարզաբանումներից կհասկանանք: Բայց այս պահին այդ տիպի մեթոդաբանական մանիպուլյացիաներին ես անձամբ դեմ եմ: Այստեղ արդեն վիճակագրական ցուցանիշներն ու փաստացի վիճակն իրար հետ հակասության մեջ կարող են մտնել: Բայց ամեն դեպքում ես ճիշտ եմ համարում նախ լսել Կառավարության պատասխանները մեր հարցերին, հասկանալ նրանց ակնկալիքները եւ դրանից հետո միայն լիարժեք ներկայացնել նշված հարցի հետ կապված մեր դիրքորոշումը:

 

 

 

 

 

 

 

 

 
ՀՅԴ-Ն ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԳԱՂԱՓԱՐԻ

Նախօրեին ԱԺ ՀՅԴ, ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցության անդամները հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ կրկին քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այն փակ քննարկում է եղել, որի ընթացքում հստակեցվել է, թե առաջիկայում նշված կուսակցություններն ինչպես են իրենց դրսեւորելու: Նշվում է, որ Սերժ Սարգսյանն այս անգամ հանդիպման է հրավիրել այն կուսակցություններին, որոնք առաջիկայում պետք է թեւ ու թիկունք կանգնեն իրենց Սահմանադրության բարեփոխման հարցում:

Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ քննարկումը ծավալվել է նշված հարցի շուրջ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ դա փակ քննարկում է եղել, ինչի համար որեւէ տեղեկություն չի հայտնելու՝ հավելելով, թե սահմանադրական բարեփոխումների հետ կապված իրենք իրենց տեսակետը պնդել են:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, որը եւս ներկա է գտնվել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների ներկա ընթացքը:
-Պարո՛ն Մինասյան, նշվում է, որ հանձնաժողովը քննարկում է կառավարման երկու մոդել՝ կիսանախագահական եւ խորհրդարանական, ի վերջո, Ձեզ հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը պարզաբանե՞լ է այդ հարցը՝ ո՞ր մոդելին է գնալու:
-Նման բան չկա ու չի կարող նման բան լինել, հայեցակարգում հաստատված է մեկ մոդել՝ խորհրդարանական կառավարման մոդելը, ո՞նց կարող է նույն մասնագիտական հանձնաժողովը երկու մոդել առաջարկել, դա տրամաբանությունից դուրս է:
-Ի՞նչ եք քննարկել Սերժ Սարգսյանի հետ:
-Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքը եւ հնարավոր ժամկետները, թե առաջիկայում երբ կհրապարակվի առաջին գլուխների տեքստը, որպեսզի սկսվեն քննարկումները: Շատ ինտենսիվ է աշխատանքը կատարվել, ու առաջիկայում կհրապարակվի տեքստը, բոլոր նաեւ այն հարցերի մասով, որոնք մտահոգությունների առարկա են եղել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրապետության նախագահի կողմից:
-Մասնագիտական հանձնաժողովը ընդունե՞լ է ՀՅԴ-ի առաջարկությունները, վերջին ժամանակահատվածում ՀՅԴ-ն հաճախ է Սերժ Սարգսյանի ու հանձնաժողովի անդամի հետ հանդիպումներ ունենում: Ինչո՞ւ
-Առաջարկությունները, ըստ մեր քննարկումների, հաշվի առնված են, սակայն դրանք ինչ ձեւակերպումներով տեղ կգտնեն տեքստում, պարզ չէ: Մեր հանդիպման հիմնական նպատակը մեր առաջարկների իրացումն է, իսկ բազմաթիվ կուսակցություններ վերը նշված հարցի հետ կապված առաջարկություններ ներկայացրել են, ու հանձնաժողովը շատ մանրամասն քննել է դրանք: Սակայն դրա մասին բոլոր պատասխանները կհնչեն, երբ տեքստը կհրապարակվի: Իսկ ինչ վերաբերում է մեր առանձին հանդիպումներին, ապա մեր գլխավոր նպատակը սահմանադրական փոփոխություններով մեր առաջարկությունների իրացումն է, ու մենք չենք էլ թաքցրել, որ մենք միշտ էլ հանդիպում ենք թե՛ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ, որպեսզի այդ դրույթներն իրացվեն:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԴԵՌ ՉԵՆ ՀԱՇՎԵԼ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց մի քանի օր առաջ իրեն պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները: «Մեծ վառարաններ են տեղադրված արտադրամասում, որտեղ հալված ապակիներ են, ջերմաստիճանը մինչեւ 1500 է: Աշխատանքի ընթացքում մի փոքր ճեղք էլ եթե առաջանում է, ապա կարող է հալած ապակին դրանից դուրս հոսել, եւ մարդիկ հնարավոր է՝ դա չնկատեն: Այդպես էլ «լավան» դուրս է եկել, եւ հրդեհ է բռնկվել»,- պատմեց ԲՀԿ ական պատգամավորը: Նա նաեւ ասաց, որ դեռեւս վնասների չափը չի հստակեցվել: «Այդքան հեշտ ու արագ հնարավոր չէ այդ ամենը հաշվել: Մենք ունենք նմանատիպ 4 արտադրամաս, հրդեհը մեկում է եղել»,- պարզաբանեց Մելիք Մանուկյանը:

 

ԱՌԱՆՁՆԱՏԱՆԸ ՉԵՆ ԲՆԱԿՎՈՒՄ
Աջափնյակ վարչական շրջանի տներից մեկի վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքից հետո հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել են հարեւանությամբ ապրող մարդիկ: «Կատարվածը ցնցել է բոլորին, իսկ իրենք տանից գնացել են եւ այդտեղ չեն ապրում, չգիտենք՝ հետո կվերադառնան ապրելու, թե ոչ, բայց ներկա պահին չեն ապրում, տունը դատարկ է»,- պատմել են հարեւանները: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 4-ին: Առանձնատներից մեկում վերելակով բարձրանալու ընթացքում երեխայի ծնոտը մնացել էր երրորդ եւ չորրորդ հարկերը բաժանող բետոն հատվածի եւ վերելակի մեջտեղում: Ի դեպ, դեպքի փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

 

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ՊԵՏՊԱՏՎԵՐԸ
Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանի հարազատները հայտնվել են անելանելի վիճակում: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 4-ին Անդրեասյանը գյուղի հարակից այգում աշխատելիս է եղել, երբ ադրբեջանական կողմից 3 կրակոց է հնչել: Գնդակներից մեկը դիպել էր Լեւոն Անդրեասյանի ձախ ոտքի ծնկին: Նրա բուժումը իրականացվել էր Մուրացանի անվան զինվորական հոսպիտալում: Սակայն 4 ամիս անց Անդրեասյանի ծնկի հետ կապված կրկին բարդություններ են առաջացել, եւ հարազատները նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Բայց այստեղ նրան չեն ընդունել, որից հետո Անդրեասյանին տեղափոխել են «Արմենիա» բ/կ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին մերժել է 85-ամյա Անդրեասյանի բուժումը պետպատվերով իրականացնելու դիմումը: Իսկ այժմ «Արմենիա» բ/կ-ի տնօրինությունը նրա հարազատներից պահանջում է բուժման համար վճարել 220 հազ. դրամ, բայց ընտանիքը միջոցներ չունի, եւ այժմ չգիտեն ինչպես վարվել: Իսկ նախարարներն իրենց PR-ով են զբաղված:




Լրահոս