ԹԱՆԿ ՀՈՍԱՆՔ՝ ՎԱՏ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաստատեր սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնող որոշումը, ի սկզբանե հայտնի էր եւ կասկածի տեղիք չէր տալիս: Այսինքն՝ դեռ մեկ ամիս առաջ էլ էր պարզ, որ օրը գալու է, եւ ՀԾԿՀ-ն նիստ է հրավիրելու, ու անկախ նրանից, թե ով ինչ կասի, հանձնաժողովի հինգ անդամները՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ձեռքները բարձրացնելու են եւ կողմ քվեարկեն ու հաստատեն սակագնի բարձրացման որոշումը: Սակայն դժվար էր կանխատեսել, որ ՀԾԿՀ-ն այդ կանի՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը կոպիտ խախտելով, քանի որ կարող էր նաեւ նման խախտում թույլ չտալ:

Այսպես, ՀԾԿՀ-ի երեկվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չորսն էին, որոնցից առաջին երկուսը վերաբերում էին «Որոտանի ՀԷԿ»-ին, հարցերից մեկը հոսանք արտադրող կայանների կողմից առաքվող էլէներգիայի սակագները հաստատելու մասին էր, իսկ վերջին չորրորդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողին մատակարարվող էլէներգիայի նոր բարձրացված սակագները սահմանելու մասին նախագիծն էր:
ՀԾԿ հանձնաժողովը առաջին երկու նախագծերը քննարկեց եւ մեկ ընդհանուր քվեարկությամբ ընդունեց, եւս մեկ ընդհանուր քվեարկությամբ էլ ընդունվեցին մյուս երկու որոշումների նախագծերը: Սա «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է: Բանն այն է, որ նշված օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, ներառյալ` նախագահը կամ նախագահի տեղակալը… Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ»: «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում չկա որեւէ դրույթ, որը ՀԾԿ հանձնաժողովին իրավունք է տալիս մեկ քվեարկությամբ երկու որոշում ընդունել: ՀԾԿ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, որը ներկայացրեց վերջին երկու նախագծերը եւ դրանից հետո դրանք մեկ քվեարկությամբ հաստատվեցին, մեզ հետ զրույցում ասաց, որ ընդհանրություն ունեցող հարցերը միանգամից ներկայացնելու եւ մեկ քվեարկությամբ ընդունելու կարգը սահմանված է հանձնաժողովի նիստերի վարման ինչ-որ կարգով: Բայց խնդիրն այն է, որ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում չկա որեւէ դրույթ, որը ՀԾԿ հանձնաժողովին իրավունք է տալիս ինքնուրույն որոշել, թե որոշումներն ինչպես պետք է կայացվեն:
Իհարկե, կարող է հարց ծագել, թե ինչու հանձնաժողովը այդպես վարվեց, ինչ դժվար էր հարցերը առանձին-առանձին հրապարակելն ու քվեարկությամբ հաստատելը, ընդամենը երկու անգամվա փոխարեն չորս անգամ պետք է ձեռքները վերը բարձրացնեին: Պարզապես, Ռոբերտ Նազարյանը եւ նրա ղեկավարած հանձնաժողովի անդամները այդպիսով ընդամենը ցանկանում էին, որքան հնարավոր է՝ շուտ ավարտել իրենց նվաստացնող այդ գործընթացը: Նախ՝ ինչպես դեռեւս երեկ առավոտյան էր պարզվել, ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չէր բարեհաճել ժամանել նիստին եւ տեղեկացրել էր, որ իր պաշտոնական տեսակետը նախորդ օրը Ռոբերտ Նազարյանին ուղարկված նամակն է, որը «Ժողովուրդ»-ն ամբողջությամբ հրապարակել է իր երեկվա համարում: Դրսում հավաքված ակտիվիստներն էլ մյուս կողմից էին անդադար ամոթանք տալիս: Ներսում էլ երբեմն շունը տիրոջը չէր ճանաչում, քանի որ նիստին ներկա էր մի տիկին, որը պարբերաբար լրագրողների հետ պատերազմի էր բռնվում այն բանի համար, որ իրեն լուրջ չեն վերաբերվում եւ քաղաքական գործիչ չեն համարում (խոսքը կուսության դեմ անհաշտ պայքար ծավալող, վերջերս ամուսնացած մի կուսակցապետուհու մասին է): Այս ամենի հետ մեկտեղ լրագրողներն էլ անդադար տեսա եւ լուսանկարում էին: Իսկ Ռոբերտ Նազարյանը մամուլում տպագրվող իր լուսանկարների հանդեպ շատ զգայուն է: Նա ավելի շատ ոչ թե հրապարակումների տեքստերից է նեղվում, այլ իր, այսպես կոչված, «վատ» լուսանկարները տպագրելուց:
Կարող է հարց ծագել՝ իսկ ի՞նչ նոր փաստ կամ հանգամանք ի հայտ եկավ նիստի ժամանակ հնչած հարցադրումների եւ ելույթների արդյունքում: Իսկ նորությունն այն էր, որ ՀԾԿՀ նիստի արդյունքում այլեւս արձանագրվեց, որ ՀԷՑ-ն այլեւս ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է վարվել Հայաստանի էներգահամակարգի հետ: Բանն այն է, որ նիստի ընթացքում հրապարակվեց «Ժողովուրդ»-ի երեկվա համարում տպագրված Բիբինի նամակը Ռոբերտ Նազարյանին, որով ՀԷՑ-ի ղեկավարը սպառնացել էր էլեկտրամատակարարումը նորմալ չիրականացնել, եթե հոսանքի գինը իրենց պահանջած 17 դրամի չափով չթանկանա: Այսինքն՝ ՀԾԿՀ-ն հաստատեց, որ նման գրություն է ստացել, բայց դրան որեւէ իրավական գնահատական չտվեց: Ուստի ստացվում է, որ առաջիկայում ՀԷՑ-ը ինչ ասես կարող է անել, եւ երբ նրանցից հաշիվ պահանջեն, կարող են ասել. «Բա մենք ձեզ չէինք զգուշացրել»: Մի խոսքով, ակնհայտ է մեկ բան՝ ՀԾԿ հանձնաժողովի եւ, ընդհանրապես, ՀՀ իշխանությունների անողնաշարության եւ ՀԷՑ-ի հանդեպ տածած վախի արդյունքում այսուհետ թանկ հոսանք սպառելուց բացի՝ նաեւ կարող ենք վատ էներգամատակարարում ունենալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԲԻԲԻՆՆ ՈՎ Է, ՈՐ ՇԱՐՔԻՑ
«Ժողովուրդ»-ը երեկ փորձել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պարզել, թե նա ինչպես է վերաբերվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի նամակին, որը նախօրեին նա ուղարկել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Զախարյանը դժկամությամբ, այնուամենայնիվ, մի քանի հարցի պատասխանեց.
-Պարո՛ն Զախարյան, Բիբինի նամակը՝ ուղղված ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, կմեկնաբանե՞ք:
-Ո՛չ, չեմ կարող մեկնաբանել, ես այդ նամակը չեմ կարդացել:
-Նա սպառնում է, որ ՀԷՑ-ը նորմալ էլեկտրաէներգիա չի կարողանա մատակարարել, քանի որ 6,93 դրամ թանկացումն իրենց չի բավարարում:
-Չեմ կարող ոչինչ ասել, ես նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, ազնվությամբ եմ ասում: Բիբինը չի կարող նման բան անել՝ էլեկտրաէներգիա չմատակարարել: Բիբինը իրավասություն չունի, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնի:
-Մեր թերթում նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ:
-Կրկնում եմ` Բիբինը նման իրավասություն չունի, որպեսզի Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնի:
-Բայց նա սպառնում է այդպես անել, ո՞րն է մեր՝ ՀՀ Կառավարության հակաքայլը:
-Դա իր խնդիրն է, հիմնավորվել է 7 դրամը, թող գնա 7 դրամով աշխատի: Մնացածը հետո, հա: Ես չեմ կարող Ձեզ պատասխանել:
-Պարո՛ն Զախարյան, մենք ՀԷՑ-ին այլընտրանք չունենք, ի՞նչ է սպասվում մեզ:
-Ցտեսություն:

 

ՀՀԿ-Ն ԳՈՀ Է
Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում ասում էին, որ ԱԺ արտահերթ նիստի ընթացքից իրենք գոհ են, քանի որ ի սկզբանե մտավախություն ունեին, որ քննարկումներն ավելի «թեժ» կընթանան: ՀՀԿ-ականներին ուրախացրել է այն փաստը, որ պատգամավորները ԱԺ նիստերի մեկնարկին գալիս են, գրանցվում, նախորդ օրվա քննարկած հարցերի քվեարկությանը մասնակցում եւ հեռանում են՝ դահլիճում ընդհանուր առմամբ 10 րոպե էլ չանցկացնելով:

 

ԽԱՌՆ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կվերադառնա Արեւմտյան Հայաստանից: Նշվում է, որ վերադառնալուց հետո հնարավոր է, որ նա կուսակցությունում փոփոխություններ կատարի, եթե որոշի վերջնականապես տեղափոխվել Արեւմտյան Հայաստան: Ըստ տեղեկությունների՝ հնարավոր է՝ Ր. Հովհաննիսյանը կուսակցության «ղեկը» վստահի ԱԺ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին: Երեկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա օրերին Ր. Հովհաննիսյանը կվերադառնա, եւ դրանից հետո մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող ենք հենց նրանից ստանալ: Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ Հովհաննիսյանը կուսակցությունը «հանձնելու» է, Մարտիրոսյանն ասաց. «Նմանատիպ որեւէ խոսակցություն չկա»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՀՈՒԴՈՂՈՎ ԵՆ ԱՊՐՈՒՄ
tsayg.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 17-ին՝ վաղ առավոտյան, Գյումրիում hերթական անգամ փլուզվել է Գարեգին Նժդեհի 7 փողոցի երկրորդ հանրակացարանի չորրորդ հարկի մի հատվածը: Վթարային այս մասնաշենքում հաճախ են տեղի ունենում նմանատիպ փլուզումներ: Հանրակացարանի փոքրիշատե բարվոք վիճակում գտնվող սենյակներում բնակվող ընտանիքները շուրջ 10-ն են: Նրանց խոսքով՝ իրենք ահուդողով են բնակվում հիշյալ հանրակացարանում` փլուզման վտանգն աչքերի առաջ:

 

«ՆԵՐՈՂԱՄԻՏԸ»
Ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցման` երեկ նախագահականից հաստատել են, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ դանակահարության համար դատապարտված եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով է ներում շնորհվել: Հիշեցնենք, որ Մ. Խաչատրյանը դատապարտվել էր առանձնակի ծանր հանցագործություն կատարելու՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու համար: Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիները, այդ թվում՝ վերոնշյալ Մայիս Խաչատրյանը, դանակահարելով սպանել էին մի երիտասարդի՝ 30-ամյա Հովհաննես Բադալյանին՝ ընդամենն իրենց ուսով դիպչելու համար: «Առավոտ»-ի տեղեկություններով` դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Մայիս Խաչատրյանը, ըստ գործի նյութերի, դանակի 12 հարված էր հասցրել ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման:

 

ՑԱՎԱԿՑԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ: «Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում կիսում են բոլորը: Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները եւ դուրս գալ զարգացման ուղի: Մեծ հայորդու, Հայաստանի ազգային հերոսի լուսավոր հիշատակը միշտ վառ է մնալու, եւ մեր ժողովուրդը հիշելու է նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով»,- մասնավորապես ասված է Սարգսյանի ցավակցական հեռագրում: Նշենք, որ Քըրքորյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաեւ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Օֆշորային սկանդալի» գործով առաջին դատական նիստի օրն արդեն հայտնի է: Armlur.am-ի տեղեկացմամբ` դատաքննությունը կմեկնարկի հունիսի 24-ին: Այն մակագրվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:




Լրահոս