ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԴԵՂ ԽՄԵՑՐԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՈՐ ՔՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորների շուրթերից հնչած հայտարարությունները անհիմն էին. ոստիկանությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել, քանի որ որեւէ փաստ չկա, որ մանկատների երեխաներին «արենդայով» են վերցնում եւ օգտագործում մուրացկանություն անելու նպատակով:

Դեղ են խմեցնում, որ քնեն
Երեք շաբաթ է անցել այն հայտարարությունից, որ մայիսի 27-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հնչեցրին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը:
Նշված օրը Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Ես քանիցս տեսել եմ, որ երբ երեխան ի վիճակի է հարցերին պատասխանել, հարցրել եմ՝ այս կինը քո մա՞յրն է, հորաքո՞ւյրն է, բարեկա՞մն է, կապ ունի՞ քո հետ, դա համատարած է Աբովյան փողոցում: Ասել է՝ ոչ, ու երեխային արագ տարել են, թե ձեր փողը, ձեր օգնությունը մեզ պետք չէ: Երբ ես փորձեցի այդ խնդրով հետաքրքրվել, ասացին, որ եվրոպական տարբեր երկրներում եւս այդ մեթոդոլոգիան օգտագործում են: Ծայրամասերի մանկատներից, համաձայնության գալով սանիտարների հետ, օրավճարով վերցնում են երեխաների»:
Իսկ, ահա, ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը հայտնել էր. «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն: Ողջ օրը տեսնում եմ՝ մի քանի ամսական երեխաներին գրկներին՝ ման են տալիս ու փող են հավաքում, որեւէ մեկդ չի լսել, որ այդ երեխաները լաց լինեն: Սա նշանակում է, որ դեղ են տալիս»:
Պատգամավորներն այնպիսի համոզվածությամբ էին հայտարարում երեխաների թրաֆիկինգի մասին, որ թվում էր, թե հարուցվելիք քրեական գործի շրջանակներում մի քանի մանկատների տնօրեններ հայտնվելու են ճաղերի հետեւում, քանի որ հանցանքն աններելի բնույթ ունի:

Ո՞ւր է նամակը
Բայց պարզվում է՝ հայտարարությունից հետո միայն Նաիրա Զոհրաբյանն է մի նամակ գրել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ խնդրելով հետաքրքրվել թեմայով: Ուրիշ որեւէ մեկի չի մտահոգել այս թեման: Դե, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զբաղված է բացառապես դեմագոգիայով: Սոցապնախարարը «տեղում չէ» կարգավիճակում է: Միայն ոստիկանությունն է քննության առարկա դարձրել «Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 28-ի հրապարակումը:
Եւ, ահա, փորձեցինք ՀՀ ոստիկանությունից պարզել, թե հայտարարությունից 22 օր անց ի՞նչ են արել. ի վերջո, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի երեխաներին օգտագործելով մուրացկանություն անելու զազրելի երեւույթի համար: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ «2015թ. մայիսի 27-ին «Ժողովուրդ» օրաթերթում եւ armlur.am կայքում հրապարակվել է «Երեւանի մանկատներից օրավարձով երեխաներին վերցնում են մուրացկանության համար» հայտարարությունը:
Այդ առթիվ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության կողմից նախապատրաստված նյութերով բացատրություններ են վերցվել ՀՀ-ում գործող «Խարբերդի» մասնագիտացված մանկատան, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի, «Մարի Իզմիրյանի» անվան մանկատուն ՊՈԱԿ-ի, «Երեւան մանկան տուն» ՊՈԱԿ-ի, «Վանաձոր» մանկատան եւ Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեններից եւ աշխատակիցներից, որոնք հերքել են իրենց մանկատան սաների՝ մուրացկանությամբ զբաղվելու փաստը: Բացի այդ՝ ՔՀԳ վարչության եւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից կազմակերպվել եւ իրականացվել են ստուգայց-շրջագայություններ, որոնց ընթացքում թեեւ հայտնաբերվել է անչափահասի՝ մուրացկանությամբ զբաղվելու երկու դեպք, սակայն անչափահասները չեն եղել մանկատան սան, այլ մուրացկանությամբ զբաղվել են ծնողի հետ»:

Հանցադեպ չկա
ՀՀ ոստիկանությունը մեզ ուղարկված գրավոր պատասխանով տեղեկացրեց, որ «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով այլ տեղեկություններ ձեռք չեն բերվել մանկատներից օրավարձով երեխաներին վերցնելու եւ նրանց մուրացկանության մեջ օգտագործելու վերաբերյալ: ՀՀ քր. դատ. օր.-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածով 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:
Այսպիսով, ստացվում է, որ կա՛մ ազգընտիրները ճիշտ տեղեկություն չեն տվել, կա՛մ չեն կարողացել ապացուցել իրենց հնչեցրածը, կա՛մ էլ ոստիկանությունը չի ցանկացել բացահայտել իրականությունը: Բոլոր դեպքերում էլ նրանց արարքը քննադատելի է:

Ինչո՞ւ մոռացան Բաբայանին
Բայց այստեղ ուշագրավ է ոստիկանության պահվածքը նաեւ մեկ այլ՝ պատգամավոր Վահան Բաբայանի մասով: Զարմանալի անտարբերությամբ ոստիկանությունը անտեսել է Վահան Բաբայանի հայտարարությունները, որ ասել էր, թե. «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն»: Թե ինչո՞ւ է Բաբայանը վրիպել ոստիկանության ուշադրությունից, թերեւս խոսակցության այլ թեմա է, բայց որ պատգամավոր Բաբայանը «մնացել է իր հայտարարության տակ», դա փաստ է: Նա օրերս մեզ հետ զրույցում իր շեշտադրումները բավականին մեղմացրած ձեւով ներկայացրեց. «Ես եւս մեկ անգամ կրկնում եմ՝ հայտարարություն չէր դա, մտահոգություն էր, քանի որ մեր յուրաքանչյուր քաղաքացի փողոցում ման է գալիս, դա տեսնում է, ու մենք հայտնել ենք մեր մտահոգությունը: Մնացածն արդեն իրավապահ մարմինների գործն է»:
Բայց արդյո՞ք նման լրջության թեման կարելի է շոշափել ընդամենը կարծիքի մակարդակով եւ լինել այդքան անպատասխանատու: Այս իրավիճակում մեզ եւս մնում է կարծիք հայտնել, որ Վ. Բաբայանն ուղղակի ստախոս է, ճամբարափոխ, անսկզբունք մարդ, որը հարկ եղած ժամանակ ընդդիմություն է, ըստ անհրաժեշտության՝ իշխանական կերակրատաշտից օգտվող գործիչ: Իհարկե, մեր կարծիքը կարող ենք շարունակել նրա մասին, բայց առայժմ բավարարվենք այսքանով: Շեշտենք, որ, ի տարբերություն Բաբայանի, մենք մեր կարծիքը հիմնավորող փաստեր ունենք՝ թերթե՛ք Բաբայանի անցած ուղին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՇՄԱՅՍԸ ԿԳՆԱ ՀՔԾ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների համար քրեական գործը հարուցելու հարցը ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»:
Այս հայտարարությունից հետո՝ 2015թ հունիսի 3-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են. «Շմայսի հարցով պետք է լուրջ զբաղվել: Հնարավոր չէ, որ հոգեպես առողջ մարդու բառապաշարում երկու բառից մեկը բռնաբարությունը լինի: Տվյալ դեպքում, մարդը թիրախավորված սպառնալիք է հղել պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ վերաբերյալ հասարակական կարծիքներ արտահայտողների նկատմամբ: Գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Մովսիսյանի կողմից արված կոչերն իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ: 2015 թ. ապրիլին հարուցվել էր քրեական գործ ՀԽ անդամների նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, այն հիմքով, որ վերջիններս մտադրվել են զանգվածային անկարգություն հրահրել, եւ որը դիտվել է հանցագործության նախապատրաստություն, սույն դեպքում սպառնալիքը հնչեցվում է իշխանություն ունեցող անձի, ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից եւ առավել քան իրական է»:
Եվ, ահա, հաղորդումից անցել է 14 աշխատանքային օր, եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց ճշտել՝ արդյոք իրավապաշտպանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Մովսիսյանի կողմից գլխատելու եւ բռնաբարելու սպառնալիքներ տալու մասին ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաեւ՝ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար»:
Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պատգամավորը հրավիրվի ՀՔԾ՝ բացատրություն տալու, եւ դրանից հետո քննիչները կորոշեն՝ հարուցե՞լ քրեական գործ Մովսիսյանի նկատմամբ, թե՞ մերժել այն:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԻՆՉՈՒ ԷՐ ՍՊԱՆԵԼ
Այս տարվա հունվարի 25-ին Շենգավիթում ողբերգություն էր տեղի ունեցել. 75-ամյա հայրը սպանել էր 47-ամյա որդուն, իսկ դիակը թաղել ավտոտնակում: Գործն արդեն դատարանում է. այն մակագրվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին: Ինչպես armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, ըստ մեղադրական եզրակացության՝ Կարապետ Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է 47-ամյա որդու` Գերման Ոսկանյանի հետ: Ապա ավտոտնակից վերցրել է կացինը եւ դրա սուր եւ բութ հատվածներով բազմակի հարվածներ հասցրել որդու գլխին եւ սպանել: Կ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանությունը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննչական կոմիտեի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Կ. Ոսկանյանը նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ: Հիշեցնենք, որ armlur.am-ի հետ զրույցում Ոսկանյանների հարեւանները հայտնել էին, որ այս ընտանիքում տարաձայնությունները հաճախակի են եղել, որոնք հիմնականում ծագել են այն պատճառով, որ Գ. Ոսկանյանն ամուսնացել էր ոչ այն կնոջ հետ, ում ծնողներն էին խորհուրդ տվել: Այս անհաշտություններն ընտանիքում եղել են մոտ 20 տարի: Նշենք, որ դեպքի ժամանակ Գերմանի որդին ծառայում էր բանակում: Ավելի ուշ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց, որ որդուն սպանած հայրը պատմում է դեպքի մանրամասները:

 

ԱԶԱՏԵԼ ԵՆ
Երեկ Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտակ Քալաշյանը եւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էմիլ Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Թեեւ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նրանք ազատվել են անձնական դիմումների համաձայն, մեր տեղեկություններով՝ իրականում նրանց ազատել են զբաղեցրած պաշտոններից: Ի դեպ, առաջիկայում «սեփական դիմումների համաձայն» ազատվող դատախազների շարքը կարող է համալրվել:




Լրահոս