ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրույցում (սկիզբը նախորդ համարում) տեղեկացանք, թե ինչքան է ծախսել Հանրապետության հրապարակի համերգի համար: Խոսեցինք նաեւ, թե ինչ է նշանակում ռաբիս, երգիչն անկեղծ պատասխանեց. «Ես այդ ռաբիսի պատասխանը չգիտեմ»:
-Թաթան միշտ ասել է, որ ինքը ռաբիս երգիչ է ու չի ամաչում դրանից, Դուք երբեւէ չեք բարձրաձայնել դրա մասին:
-Թաթան իմ շատ լավ ընկերն է, բայց անկեղծ եմ ասում, ես այդ ռաբիսի պատասխանը չգիտեմ: Ես դասական դպրոց եմ անցել, ու եթե ռաբիս անվանում են 6/8 չափը, դա անգրագիտություն է: Միանշանակ չեմ սիրում ու չեմ ընդունում թուրքական մելիզմատիկայով երգերը, բայց թե որ երգերն է մեր ազգը ռաբիս համարում, ա՛յ դա ինձ համար բարդ է հասկանալ: Մի բան էլ կա, երբ հաջողություններ ես ունենում, երբեք չի բարձրաձայնվում, բայց երբ մի քիչ մի հարցում թերանում ես, դարձնում են երկրի թշնամի:
-Գաղտնիք չէ, որ Դուք բարձր վարձատրվող երգիչ եք: Ունե՞ք հստակ սահմանված հոնորարի չափ:
-Ձեզ անկեղծ կասեմ, հարսանիք երգելով՝ այդքան էլ փող չեմ աշխատում: Հավատացե՛ք՝ 99 տոկոսը որպես նվեր եմ անում: Ինքս տեսակով ընկերասեր եմ ու շատերի համար պարզապես ընկերական հիմունքներով եմ երգում: Իմ գումարը ես աշխատում եմ հիմնականում դրսի համերգներից:
-Հրապարակի համերգի մասին եմ ուզում հարցնել. լսել եմ, որ շատ մեծ գումար է ծախսվել:
-Այդ համերգը կազմակերպված է եղել հատուկ իմ հանդիսատեսի համար, դա իմ շնորհակալությունն էր նրանց: Իմ երազանքն էր այդ համերգը, որ ես իմ հանդիսատեսի համար հաճելի բան անեմ, ինչպես նրանք են ինձ բարձրացնում ու գնահատում: Ինքս եմ գտել հովանավորներին, ուզում էի, որ ոչ մեկն այդ օրը փող չծախսեր, գար միայն ուրախանար: Այդ համերգին 400 հազ. դոլարից շատ է ծախսվել, բայց դա իմ ընկերների, հովանավորների օգնությամբ:
-Վերջերս Ձեր ընտանիքը համալրվեց եւս մեկ անդամով, ծնվեց Ձեր երկրորդ դուստրը: Ստացվում է՝ ստաժավոր հայրիկ եք: Հասցնո՞ւմ եք երեխաների հետ ժամանակ անցկացնել, այգի տանել…
-Այգի մայրիկի հետ են գնում, մի տեսակ ամաչում եմ հանրության մեջ շատ երեւալուց: Իսկ տանը հասցնում եմ շփվել, ինչքանով որ ստացվում է, չնայած որպես ընտանիքի հայր՝ քիչ է: Չեմ կարողանում հետները շատ ժամանակ անցկացնել, բայց փառք Աստծո, նրանք հասկանում են. իմ ընտանիքն իմ կողքին է:
-Ինչի՞ մասին է երազում Արմանը:
-Որ աշխարհի 10 միլիոն հայերը գան ու ապրեն մեր հայրենիքում: Ես դրսում շատ եմ լինում ու տեսնում եմ՝ ինչպիսի կարոտ կա մեր հայրենիքի նկատմամբ: Ամեն անգամ հուզվում եմ: Վստահ եմ՝ լինելու է այդ օրը, երբ բոլոր հայերն ապրեն Հայաստանում ու խաղաղ երկնքի տակ: Օտար երկրում ապրելը շատ դժվար է: Չեք հավատա, երբ Ավստրալիայում մի կին իմ անձնագրի տվյալներն էր լրացնում, սկսեց հուզվել, աչքերը լցվեցին, ասաց. «Երնեկ Ձեզ, ես չեմ հավատում, հայկական անձնագիր: Երանի քեզ, որ Մասիսը կտեսնես, Արմա՛ն ջան»: Գիտե՞ք՝ դա ինչ է, երբ քեզ դրսում ամեն քայլի հարցնում են՝ դե պատմի՛, ո՞նց է հայրենիքում:
-Բայց Դուք այստեղ եք ու տեսնում եք, թե մարդիկ սոցիալական ինչ պայմաններում են ապրում:
-Իհարկե, կարող են բացթողումներ լինել, բայց ամբողջ աշխարհում է այդպես, սկսած ԱՄՆ-ից՝ ամենուր ճգնաժամ է: Վստահ եմ, որ չի լինի մի երկրի նախագահ, որ բոլորիցս շատ չմտածի իր երկրի մասին: Որոշ չափով ճանաչելով մեր երկրի նախագահին՝ վստահ եմ, որ ինքն ամեն ինչ անում է, որ մենք լավ ապրենք:
-Որպես քաղաքացի՝ ինչի՞ պակաս ունեք:
-Շատ բաներ կան, որ պակասում են` սեր դեպի հայրենիք, նվիրվածություն, միախմբվածություն: Մեկը մյուսին հարգելը` առաջին հերթին, սիրելը, մեկս մյուսի հաջողությամբ ուրախանալը: Մենք ունենք մի պրոբլեմ. երբեք լավի մասին չենք խոսում, բայց վատը բարձրաձայնում ենք:
-Գո՞հ եք Ձեր այսօրվա ֆինանսական կարգավիճակից:
-Ինչ աշխատում եմ, ծախսում եմ ինձ վրա: Նույնիսկ չգիտեմ՝ որքանով է ճիշտ սա ասել, բայց մենք` իմ ընտանիքով, եղբայրս` իր ընտանիքով, հայրս ու մայրս, ապրում ենք մի տան մեջ: Այսինքն՝ ես անգամ տուն էլ չեմ գնել: Երբ գումար է լինում, մտածում եմ՝ ավելի լավ է մի հատ լավ տեսահոլովակ նկարահանեմ կամ բերագործական մի բան անեմ, քանի ջահել ենք, մի ձեւ ծառայենք մեր ազգին: Բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում ձայնասկավառակ պատրաստել, տեսահոլովակ նկարել: Ավելի շատ ծախսում ենք, քան հետ է գալիս: Եթե լինես ոչ նվիրյալ արվեստին, կարող է հետ գա: Ես կարող էի հրապարակի համերգի փոխարեն Մարզահամերգային համալիրում համերգ դնել ու փող աշխատել, բայց այդպես չարեցի: Համալիրում էլ ունեցած իմ երկրորդ համերգի ողջ հասույթն ուղարկեցինք Գյումրու մանկատուն, բայց ես դրա մասին երբեք չեմ խոսել, չեմ սիրում, երբ բարեգործություն են անում ու հեռուստատեսությամբ հայտարարում, մի քիչ ավելի ցածրաձայն կարելի է անել: Ես դա անում եմ իմ հոգու հանգստության համար, ոչ թե ցուցադրելու:
ՀԱՐՍԱՆԻՔ ԵՐԳԵԼՈՎ՝ ՓՈՂ ՉԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ