Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրինագիծը: Նախքան քվեարկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ խմբակցությունն ունի լուրջ մտահոգություններ, ինչի պատճառով իրենք ձեռնպահ են քվեարկելու: ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւս նշեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ է քվեարկելու: Արդյունքում օրինագիծն ընդունվեց ձայների 72, կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նախագծին ձեռնպահ քվեարկել, այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեւը ներկայացնող ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը կողմ քվեարկեցին նախագծին: Ըստ մեր տեղեկությունների՝ հրահանգը եղել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ նրա մերձավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է ղեկավարելու այն խորհուրդը, որը պետք է զբաղվի Դիլիջանի քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման գործունեությամբ:
Հիշեցնենք, որ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնած IDeA («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի ղեկավարը Ա. Գեւորգյանն է, իսկ Դիլիջանի զարգացման այս գործընթացն էլ «վստահվելու» է հենց Ռ. Վարդանյանին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ` պարզելու համար, թե ինչու են հակադրվելով խմբակցության հայտարարած որոշմանը` կողմ քվեարկել այդ նախագծին:
ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
-Պարո՛ն Մարգարյան, ինչո՞ւ եք կողմ քվեարկել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրինագծին, ինչո՞ւ եք խմբակցության նիստում հայտարարել, որ Դուք չեք «ենթարկվելու» խմբակցության որոշմանը:
-Ծրագրի գաղափարը շատ դրական է, որովհետեւ առանց որեւէ տարածքի զարգացման ծրագրի տեղական ինքնակառավարման մասին խոսելը մեծ վերապահում է պահանջում: Ես կարծում եմ, որ ցանկացած տարածաշրջան կամ քաղաք պետք է կանխատեսելի լինի ոչ միայն այնտեղի բնակչի, այլ նաեւ ներդրողի համար: Ես իմ ելույթում նշել եմ, որ մենք լրացուցիչ պայմաններ ապահովելու խնդիր ունենք, որպեսզի պոտենցյալ ներդրողին գրավենք, դա նշանակում է, որ մեզ մոտ ինչ-որ բան վատ է, մեզ մոտ խաղի կանոնները լավ չեն եւ այլն: Ես համաձայն չեմ, որ այդ խորհուրդը, որը ստեղծված է, ինքը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան տեղական իշխանությունները, դա այդպես չէ, պետք է ուշադիր կարդալ, որոշ ձեւակերպումներ կային, որոնք առաջարկել ենք փոխել: Մնացածը լավ է:
-Եթե լավ է, այդ դեպքում ինչո՞ւ էր ԲՀԿ-ում որոշում կայացվել ձեռնպահ քվեարկել օրինագծին:
-Անորոշությունների պատճառով, այնտեղ նույնիսկ կարծիք կար, որ հարկային արտոնությունների պարագայում Սահմանադրություն է խախտվում եւ այլն, ու այս ձեւով նախագծեր բերելու թերությունն էր այստեղ արտացոլված: Իրավաբանական վարչության եզրակացություն մենք չունենք այս փաթեթում: Եթե խնդիր կա, ես միանշանակ կողմ եմ, որ դա վերանայվի, անշուշտ մենք չենք կարող ընդունել օրենք, որը կհակասի ՀՀ Սահմանադրությանը: Բայց այս օրենքով Դիլիջանը դառնում է հասկանալի եւ կանխատեսելի վաղվա օրվա առումով:
-Ըստ մեր տեղեկությունների՝ Դուք քվեարկել եք Ռոբերտ Քոչարյանի «հրահանգով», արդյո՞ք Ձեզ հորդորել են կողմ քվեարկել օրինագծին, քանի որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է ղեկավարելու այդ խորհուրդը:
-Նման տեղեկությունները շուտ ասեիք, իմանայինք, թե ինչ տեղեկություններ են, որտեղից են գալիս: Մարդկային երեւակայությունը շատ մեծ է: Ես միշտ կրկնել եմ, որ առանց զարգացման ծրագրի տեղական ինքնակառավորում չի կարող լինել, սա կարող եք լսել իմ բոլոր ելույթներում, իմ մոտիվացիան հենց այս ուղղությամբ է գնացել: Այս օրենքում ամփոփված է այն, ինչի մասին ես միշտ խոսել եմ:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, Ձեր խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու Դիլիջանի զարգացման ծրագրի հետ կապված օրինագծին, բայց ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանը կողմ են քվեարկել: Իսկ նշված պատգամավորների անունները ուղղակիորեն կապվում են Ռոբերտ Քոչարյանի հետ, արդյո՞ք սա հենց վերջինիս կողմի տրված հրահանգի արդյունքն էր:
-Ես այդ կերպ չէի մեկնաբանի: Խմբակցության նիստի ժամանակ մեր երեք գործընկերները տեղեկացրել են, որ իրենց դիրքորոշումը մի քիչ այլ է, եւ իրենք կողմ են ներկայացված նախագծին, իսկ խմբակցությունն էլ հարգել է նրանց մոտեցումը:
Հ.Գ. Վահե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցերին հրաժարվեց պատասխանել` հայտարարելով, թե քվեարկությունն իր իրավունքն է, ու ինքը քվեարկել է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Իսկ Էլինար Վարդանյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել:
ԲԻԲԻՆԸ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՊԱՀԱՆՋՆԵՐ ԴՆԻ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը գաղտնի նամակ էր ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` պաշտոնապես իրազեկելով այն մասին, որ սպառողին մատակարարվող էլէներգիայի՝ 6,93 դրամով թանկացումը իրենց համար բավարար չէ: Ավելին` ՀԷՑ-ի տնօրենը սպառնացել է, որ եթե սակագինը չբարձրանա իրենց ակնկալած չափով, ապա ՀԷՑ-ը կդադարեցնի ընկերության` լիցենզիայով ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացումը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են ՀՀԿ-ում վերաբերվում Բիբինի սպառնալիքներին:
-Նախ ասեմ, որ սովորություն չունեմ ուրիշի նամակները կարդալու, մանավանդ, որ այդ նամակները ինձ հասցեագրված չեն: Չեմ ընդունում նման երեւույթները ու մինչեւ անձամբ չտեղեկացվեմ պաշտոնապես, չեմ կարող հստակ պատասխանել, թե իրականում ինչ է եղել:
-Սակայն թե՛ Աժ լսումներին, թե՛ ՀԾԿՀ նիստին չներկայանալով, ինչպես նաեւ իր վերջին հարցազրույցում ՀՀ իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությամբ եւ, առավել եւս, այս նամակում տեղ գտած սպառնալիքներով Բիբինը, փաստորեն, ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ: ՀՀԿ-ն վիրավորված չէ՞ նրա պահվածքից:
-Դա սպառնալիքներով չի իրականացվում, դա ընդամենը իրականցվում է հիմնավորումներով, ու կարծում եմ, որ ՀՀ-ն ունի այդ լծակը հարցի կարգավորման համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք է ընդունել այն, ինչը հիմնավորված է: Ես չեմ կարծում, որ որեւէ սպառնալիք է հնչել, կամ ինչ-որ համապատասխան չեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքները:
-Եթե Բիբինը հրաժարվի լիցենզիայից, արդյո՞ք ՀՀ-ն կկարողանա ինքնուրույն իրականացնել էլէկտրաէներգիայի մատակարարման գործընթացը:
-Պահանջները Բիբինը չէ, որ պետք է դնի, պահանջները դնողը Հայաստանի Հանրապետությունն է՝ կարգավորող հանձնաժողովով: Ես փաստեր չունեմ, որ Բիբինը հրաժարվում է լիցենզիայից: Ու որեւէ մեկը մեր երկրում չի կարող մեր երկրին սպառնալ: Ես կարծում եմ, որ մենք շատ հստակ ենք արտահայտել մեր դիրքորոշումները հարցի քննարկման ժամանակ: Ու ես նաեւ այն տեսակետին եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւս շատ պարզ ու հստակ հայտնել է այն, ինչը իրականությունն է: Թող Ձեզ չթվա, որ մենք որեւէ հարցի համար անհանգստություն չունենք, ոչ, մենք աշխատում ենք, մենք անհանգստանում ենք: Շատ հեշտ է կողքից ինչ-որ տեսակետներ հնչեցնելը, բայց նաեւ շատ դժվար է այդ տեսակետներին տեր կանգնելը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԻՐ ՇԵՖԻ ՊԵՍ ԾՊՏՎԱԾ
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի` Լեւոն Յոլյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի՝ կազմել են 5 մլն 800 հազար դրամ եւ 4 հազար դոլար: Մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 7 մլն 584 հազար դրամ: Նշենք, որ 2013 թվականին, երբ Յոլյանը, ստանձնել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել է երկու բնակարան, արտադրական նշանակության շինություն, երեք հասարակական նշանակության շինություն, որոնք նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկման համար, մեկ հողամաս եւ մեկ ավտոտնակ: Իսկ նրա կինը` Անուշ Ասլանյանը, պարզվում է՝ ամուսնուց ավելի ունեւոր է: Յոլյանի գործազուրկ կինն անցած տարվա ընթացքում 4 մլն 638 հազար դրամով գնել է հողամաս, երկու բնակարան` համապատասխանաբար 69 մլն 150 հազ. դրամ ու 2 մլն 861 հազ. դրամ արժեքներով: Տիկնոջ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 515 հազար դոլար: Նա փոխառություններից, ասել է թե՝ պարտքով տրված գումարներից ստացել է 6 մլն 589 հազար դրամ տոկոսավճար: Հիշեցնենք, որ Յոլյանը 2013 թվականին, մինչեւ պաշտոն զբաղեցնելը, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր:
ԲԱՂՐԱՄՅԱՆ 60-Ի ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեք օր առաջ` հունիսի 16-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի բակի ավտոտնակում մեքենայի պայթեցման պատճառը եղել է վրեժխնդրությունը: Նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրկիզել են Բաղրամյան 60 շենքի հարակից տարածքում գտնվող ավտոտնակը եւ այնտեղ կայանված, Ա. Թումոյանի կողմից շահագործվող «Նիսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան: Արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր 1994թ. ծնված Գ. Թումոյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ մահացած երիտասարդն ինքն է այրել ավտոտնակը, որը պատկանել է նրա հորեղբորը: Ըստ այդ լուրերի՝ երիտասարդը հորեղբորից գումար է խնդրել, սակայն մերժում է ստացել եւ որոշել է այդ կերպ վրեժխնդիր լինել եւ պայթեցնել հորեղբոր ավտոմեքենան: Սակայն չի հասցրել մինչեւ պայթյունը դուրս գալ ավտոտնակից եւ մահացել է: Այս դեպքի մնացած մանրամասները կներկայացնենք armlur.am կայքի համար պատրաստված ռեպորտաժում:
ՏՈՒՆԸ ՄՆԱՑԵՔ, ԷԼԻ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթվա ընթացքում` մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, նախագահական ինքնաթիռով արտերկիր մեկնելու նպատակով ծախսել է 37 միլիոն 100 հազար դրամ: Մասնավորապես, մայիսի 28-ից 29 ՀՀ վարչապետը մեկնել էր Ղազախստան, ինչի համար ՀՀ Կառավարության աշխատակազմը «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին վճարել է 16 մլն 500 հազ. դրամ: Իսկ հունիսի 1-ից 3-ը վարչապետը մեկնել էր Չեխիա: Արդյունքում, վարչապետի համար նախագահական ինքնաթիռով Երեւան-Պրահա-Երեւան չվերթ կազմակերպելն արժեցել է 20 մլն 600 հազար դրամ: