ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԱՐԿ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ՝ ԵՐԲԵՄՆ ԽԱԲԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Հայաստանում գործող բանկերը բավականին ուշագրավ ակտիվություն են դրսեւորում` իրենց նախաձեռնությամբ հաճախորդներին վարկեր են առաջարկում: Բնականաբար խոսքը բանկի հին հաճախորդների մասին է, որոնց դրամական շարժից դատելով՝ բանկերը հստակ գիտեն, որ տվյալ հաշվեհամարի տերը մշտական եկամտի աղբյուր ունի, կամ, ասենք, փոքր շրջանառություն ունեցող ընկերություն է:

Բացի այդ՝ հունիսի սկզբից ակտիվացել են էլեկտրոնիկա վաճառող ընկերությունները եւ տարատեսակ ակցիաներ են նախաձեռնել` ապառիկով ապրանքների վաճառքը խթանելու համար: Իհարկե, նախկինում այս պրակտիկան միշտ կիրառվել է: Բանկերը տարբեր ձեւերով փորձում էին հաճախորդներին գրավել, որպեսզի նրանք վարկեր վերցնեն, իսկ խանութներն էլ ապառիկի հետ կապված տարբեր տեսակի ակցիաներ էին հնարում՝ իրենց վաճառքներն ավելացնելու համար:
Սակայն անցած տարվա դեկտեմբերին, երբ դրամը շեշտակի արժեզրկվեց, Հայաստանում իրավիճակը կտրուկ փոխվել էր: Խանութները նույնիսկ ամանորյա զեղչեր չարեցին, իսկ բանկերն էլ վարկերի տրամադրումը գրեթե դադարեցրել էին: Բանը հասել էր նրան, որ բանկերն իրենց վարկային բաժինների աշխատակիցներին համատարած կրճատում էին, քանի որ նախկինի պես մի քանի վարկային մասնագետ պահելու կարիք չկար, եւ մեկն էլ բավարար էր` դոլարով եւ բարձր տոկոսադրույքով վարկեր տրամարդելու համար: Իհարկե, պաշտոնապես բանկերը պնդում էին, թե իրենց մոտ ամեն ինչ նախկինի պես էր, սակայն իրականությունն այն էր, որ մարդիկ չէին կարողանում վարկ վերցնել, եւ գրեթե բոլորը մերժվում էին, մյուս կողմից էլ ապառիկով ապրանք գնելը դարձել էր գրեթե անհնար: Ապրիլից սկսած բանկերը սկսեցին մի փոքր ավելի շատ վարկեր տրամադրել՝ հաճախորդների հաշվին իրենց բոլոր տեսակի ռիսկերից ապահովագրող պայմաններով:
Սակայն հունիսի սկզբից բանկերի մեծ մասն այնպես է ակտիվացել, որ կարելի է կարծել, թե Հայաստանում այս ընթացքում ինչ-որ լուրջ փոփոխություններ են եղել: Բանկերի աշխատակիցները հերթով զանգահարում են իրենց երկարամյա հաճախորդներին եւ վարկ առաջարկում: Ի դեպ, վարկը հիմնականում առաջարկում են տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով, սակայն, երբ հաճախորդը բոլոր վճարումները կատարում է եւ վերջնական պայմանագիրը ստորագրում, պարզվում է, որ փաստացի տոկոսադրույքը կազմում է 30-ից 31,5:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բանկերի նման ակտիվությունն այդքան էլ ինքնաբուխ դրսեւորում չէ: Բանն այն է, որ վերջին ամիսների վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանի բնակչության եւ փոքր բիզնեսի գնողունակությունը գնալով նվազում է, ինչը տնտեսական վիճակն է՛լ ավելի է վատթարացնում: Ֆինանսական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանում գրանցված բանկերին «հորդորել» է դրամով վարկերի պորտֆելներն ավելացնել եւ տրամադրման գործընթացն էլ հեշտացնել: Այլ կերպ ասած՝ ՀՀ ԿԲ-ն բանկերին հասկացրել է, որ բավական է գումարների վրա «նստած» հետեւեն, թե ինչպես է դրամը գնալով պակասում` նպաստելով համընդհանուր գնողունակության անկման: Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով մանրածախ առեւտրի շրջանառությունը, անցած տարվա համեմատ, նվազել էր 7,6 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլին առեւտրի շրջանառությունը, մարտի համեմատ, նվազել էր 4 տոկոսով, ինչը պարզապես իրավունք չուներ տեղի ունենալու, եթե տնտեսությունում գործընթացները դրական ուղղությամբ ընթանային:
Մյուս կողմից փաստ է նաեւ այն հանգամանքը, որ վարկեր չտրամադրելու արդյունքում բանկերն իրենք եւս տուժում են եւ հնարավոր եկամուտներ են կորցնում: Բացի այդ՝ վարկեր չտրամադրելը կամ միայն դոլարով տրամադրելը, մեղմ ասած, այդքան էլ օրինական չէ: Այսինքն՝ եթե ԿԲ-ն ցանկանա, ապա կարող է բանկերին պատժել, ասենք, իր «հորդորներն» անտեսելու համար: Ուստի բանկերի մեծ մասը որոշել է վերսկսել ակտիվ վարկավորումները: Բայց միաժամանակ բանկերը պահպանել են բարձր տոկոսադրույքները, ինչը տվյալ դեպքում չի կարող ԿԲ-ի հետ կապված խնդիրներ հարուցել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԷԼ ԿԱՆԵ՞Ն
Այսօր խորհրդարանում կշարունակվի ՀՀ Կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում քննարկվում է եկող երկուշաբթի նոր արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը: Բանն այն է, որ խորհրդարանը դեռ չի կարողացել սպառել օրակարգը: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանականներն այնքան էլ ակտիվ չեն, եւ նախագծերի քննարկումներն առանձնապես երկար չեն տեւում, այնուամենայնիվ, Կառավարության ներկայացրած օրակարգային հարցերի առատության պատճառով մեկ նստաշրջանի ընթացքում չի հաջողվում դրանց բոլորի քննարկումն ավարտել:

 

ԴԺՎԱՐ ՀԱՐՑ
Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահվան լուրի տարածվելուց անցել է երեք օր, սակայն մինչ օրս ՀՀ ղեկավարությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ մակարդակով պետք է մասնակցի Քըրք Քըրքորյանի հուղարկավորության արարողությանը: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատավության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել՝ արդյոք խորհրդարանը պատրաստվում է պաշտոնական պատվիրակություն ուղարկել՝ Քըրքորյանի հուղարկավորությանը մասնակցելու համար: «Նման հարց չի քննարկվել»,- պատասխանեց Ա. Բաբայանը: Ի դեպ, Քըրք Քըրքորյանն իր կտակում գրել է, որ ինքը չի ցանկանում, որպեսզի իր հուղարկավորությանը մեծաթիվ մարդիկ մասնակցեն ու ցանկացել է, որ այն լինի «փակ»:

 

ՇՄԱՅՍԻ ԳՈՐԾԸ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է
ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի գործը դեռեւս չի հասել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացանք ՀՔԾ-ից: Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այսինքն՝ ստացվում է, որ դատախազության գրությունը դեռ ճանապարհին է եւ ոտ-ոտ ուղեւորվում է ՀՔԾ:
Հիշեցնենք, որ այս պատմության պատճառը եղել է այն, որ Առաքել Մովսիսյանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի վերաբերյալ հրապարակումներին, ասել էր. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ այս հայտարարությունների համար 2015թ. հունիսի 3-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ նկատելով, որ նորմալ չէ, երբ պատգամավորի արտաբերած ամեն մի երրորդ բառը բռնաբարության կամ ինչ-որ մեկին գլխատելու մասին է:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ Մոսկվայում հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաեւ Հայաստանին: «Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, որը իրավունք ունի իր դաշնակիցներից ստանալ ամբողջ անհրաժեշտ օգնությունը իր տարածքում իրավիճակի բացասական զարգացման դեպքում», – նշել է ՀԱՊԿ-ի ղեկավարը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ էլ Բորդյուժան ասել է, թե դա արվում է՝ Հայաստանի հետ հավասարակշռության պահպանումը հաշվի առնելով: «Բացի այն, որ զենք է գնում Ադրբեջանը, զենք է մատակարարվում եւ վաճառվում Հայաստանին բավականին մեծ քանակով», – հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

 

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԿ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի անցկացման նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, դեսպան Ժակ Բիլոդոյի գլխավորությամբ։ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կանի առավելագույնը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հոկտեմբերին բարձր մակարդակով կազմակերպելու համար։

 

ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իսկ Ջիգարխանյանն այսուհետ կզբաղեցնի թատրոնի նախագահի պաշտոնը: «Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան արդեն 8 տարի աշխատում է թատրոնում ու գիտի կոլեկտիվին: Հուսով եմ՝ նա կարդարացնի մեր վստահությունը»,- հայտարարել է Ջիգարխանյանը` նշելով, որ թատրոնը ֆինանսական ծանր վիճակում է ու կարիք ունի նոր տնօրենի:

 

ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԵՆ
Երեկ Բրյուսելում տեղի ունեցած հավաքի ընթացքում Եվրոպական միության դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները եւս կես տարով երկարաձգելու եւ Ղրիմում ներդրումների կատարումը եւս մեկ տարով արգելելու որոշումը։

 

ՃԱՆԱՉԵԼ ԵՆ
Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է որակվեն որպես ցեղասպանություն, եւ դա նաեւ Բելգիայի կառավարության դիրքորոշումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Բելգիայի վարչապետը:




Լրահոս