Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ԵԽԽՎ-ի շենքի դիմաց նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը կրկին բողոքի ակցիա է իրականացնում: Նշենք, որ այսօր` հունիսի 22-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը և նսիտի ընթացքում որոշում է կայացվելու ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Արմեն Հարությունյանին նշանակելու հարցով:
Armlur.am-ի հետ զրույցում Գ. Մանուկյանը նշեց, որ թռուցիկներ է հանձնում ներս մտնող պատվիրակությունների անդամներին: Թռուցիկների մեջ նշված է Արմեն Հարությունյանի վերաբերյալ 2008 թվականին Գևորգ Մանուկյանի հետ կատարված դեպքերը կոծկելու մասին:
«Ես նամակ եմ հանձնել Շանթ Հարությունյանի հետ կապված, քաղբանտարկյալների առկայության փաստն եմ նշել: Այդքան բանից հետո իրենք Հայաստանը համարում են նորմալ երկիր, համագործակցում են: Մարդու իրավունքների հանձնակատարին եմ հանձնել նամակներ»,- ասաց Մանուկյանը և հավելեց, որ իր ակցիաների արձագանքը կլինի Արմեն Հարությունյանին նշանակելը կամ չնշանակելը:
«Չնայած իշխանությունները Արմեն Հարությունյանի փիառը արել են, թե իբր Հարությունյանին հավանություն են տվել և այլն: Հայաստանի իշխանական թևն ուզում է Արմեն Հարությունյանին դատավոր նշանակեն, և դրանից հետո չեն բացառվում նոր Մարտի 1-եր: Իրենք տեսնում են, որ էս մարդը լավ կամակատար է, կարողանում է կոծկել»,- ավելացրեց նախկին քաղբանտարկյալը:
Մանուկյանի խոսքով` ինքը թռուցիկների մեջ նաև նշել է էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված խնդիրը. «Ես նշել եմ, որ Հայաստանի սրիկա իշխանությունները չի բացառվում, որ նորից սրիկայություններ անեն: Ես նշել եմ, որ դա մարդու իրավունքների խախտում է»:
Գևորգ Մանուկյանն ասաց, որ իր ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել: «Ստրասբուրգում Հայաստանի հյուպատոսի վարորդը մոտեցավ ինձ ու ասաց. «Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր փնովում են իմ երկիրը, իմ եռագույնը» ու էսպիսի կապիկություններ: Ես իրեն ասում եմ` ուր էիր այն ժամանակ, երբ ինձ ծեծելով քոռացրեցին: Ինքն ասում է` ես չգիտեմ` ինչ է եղել, բայց իշխանությունները ճիշտ են: Նա փորձում էր սադրանքների գնալ: Ես իրեն բացատրեցի, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի հետ այնքան կապ ունի, որքան Վալերի Պերմյակովը: Չնայած, որ համեմատենք, Վալերի Պերմյակովն ավելի առավել է, քանի որ նախկինում սահման է պաշտպանել, իսկ Սերժ Սարգսյանը ո´չ սահման է պաշտպանել, ո´չ էլ ժողովրդին է պաշտպանում: Նաև ասեմ, որ այս վարորդը առաջին անգամ չէ, որ մոտենում է ինձ, կարճ ասած «ժիվոյ ժուչոկ ա»»:
Նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը նաև հավելեց, որ օրինական թույլտվություն ունի ԵԽԽՎ-ի շենքի դիմաց ակցիաներ իրականացնելու: