«ՏՂԱՄԱՐԴԻԿ ԻՆՁ ՍԻՐՈՒՄ ԵՆ, ՉԵՄ ՎԻՃՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած պարբերական դադարներին` Էլլա Տարունցը շարունակում է պահպանել իր «դիրքերը» հայկական երգարվեստում: Այսօր էլ նա աշխատում է, գրում է նոր երգեր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էլլան, սակայն, խոստովանել է, որ իրեն որպես երգչուհի ռեալիզացված չի համարում եւ խոսել է դրա պատճառների մասին:

-Էլլա՛, 90-ականների երեւանյան մշակութային մթնոլորտը, որը Ձեր երգերով ձեւավորում էիք նաեւ Դուք, երբեւէ հնարավո՞ր է վերադարձնել:
-Անցյալն ո՞վ է վերադարձրել, որ ես վերադարձնեմ. դրանք ընդամենը բարի ժամանակներ էին, որոնք ունեին իրենց առավելություններն ու թերությունները: Ժամանակները փոխվել են` բոլոր առումներով. մի ծաղկով գարուն չի գա: Մարդկանց մի մասը հիասթափվել է, ուրիշ ոլորտներում է իրեն փորձում, կան այնպիսիք, որոնք խելոք հարմարվել են իրավիճակին, եւ կան այնպիսիք, որոնք պարզապես ստեղծագործում են` սպասելով լավին. ես պատկանում եմ այս վերջին կատեգորիային:
-Երգչուհու Ձեր տեսակն առանձնանում է, մեր երգարվեստում ինքնատիպ լինելու Ձեր բանաձեւը ո՞րն է:
-Մեր կատարողների գերակշռող մասը երգեր են գնում, պատվիրում են ուրիշներին, այսինքն` նրանց հոգեվիճակն են ներկայացնում: Իսկ ես ինքս եմ գրում իմ երգերը, ստեղծագործող-կատարող եմ, երեւի հենց սրանով եմ առանձնանում, թե չէ ես էլ մեկն եմ, ով ապրում է այս երկրում, նույն միջավայրում:
-Այսօր Դուք Ձեզ պահանջված եւ ռեալիզացված երգչուհի համարո՞ւմ եք:
-Ռեալիզացված` ոչ, պահանջված` իմ լսարանի չափով: Իսկ ռեալիզացված, իհարկե, չեմ համարում, քանի որ դեռ պատանեկությունից կար ցանկություն հասնելու կուլմինացիոն մի կետի. դա, սակայն, չիրականացավ:
-Ո՞ր պահին կտրվեց այդ թելը:
-Դե, դա ինձնից կախված չէր. դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ես իմ տեսակով շողոքորթ չեմ. չգիտեի, որ եթե շողքորթեմ, լավ կլինի, թե չէ կարելի էր պարապել (ծիծաղում է): Ամեն դեպքում, չեմ դժգոհում, ինձ համարում եմ երջանիկ: Կտխրեի այն ժամանակ, երբ ինձ չլսեին: Բայց ես գիտեմ, որ ինձ սիրում են, ու ես չեմ մեծախոսում. մինչ օրս վայելում եմ ծափահարություններ, աշխատում եւ ստեղծագործում եմ:
-Գուցե մոռանալ չտալը քի՞չ է, եւ պետք է ավելի շատ երեւալ ասպարեզում, ավելի ակտիվ լինել:
-Ես որ մտածեմ՝ պետք է պարտադիր այսինչ կամ այնինչ բանն անեմ, դժվար թե անեմ. արդեն ինքնահաստատման տարիքում չեմ, երկրորդն էլ, որ անկեղծ լինեմ, ավելորդ թիթիզությունների հավես չունեմ (ծիծաղում է):
-Էլլա՛, որքան էլ տարիներն անցնեն, միեւնույն է` Դուք շատ տղամարդկանց համար մնում եք ցանկալի կնոջ կերպար…
-Այո՛, տղամարդիկ ինձ սիրում են, չեմ վիճում (ծիծաղում է):
-Տղամարդկանց գրավելու կանացի գաղտնիքներ ունե՞ք:
-Դա նախ եւ առաջ պայմանավորված է արական սեռին սիրելով: Ես համարում եմ, որ մենք կողոսկրից ստեղծված էակներ ենք… Ու թեեւ ոմանք այնքան էլ «արժեքավոր» չեն որպես տղամարդ, ամեն դեպքում, ես մնում եմ իմ սկզբունքին հավատարիմ: Ինձ շրջապատող տղամարդիկ էլ վատը չեն, չէի ասի` այնքան լավն են, որ կամուսնանայի հետները, բայց վատը չեն (ծիծաղում է):
-Ընտանիք հասկացությունը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի:
-Ընտանիքն ինձ համար ամեն ինչից վեր է:
-Այսինքն` երբեք կարիերիստ չե՞ք եղել…
-Բացարձակ, եւ չեմ էլ լինի: Ես որ կարիերիստ լինեի` օ՜… Ամբողջ կյանքում ուզեցել եմ միայն լավ ընտանիք, լավ զավակներ ունենալ: Փառք Աստծո, զավակն ունեմ, ընտանիքը մի քիչ չստացվեց…
-Գուցե դեռ ստացվի…
-Որոնումների մեջ չեմ, բայց կուզենայի ավելի լուրջ, կայուն ընտանիք ունենալ:
-Իսկ մտածո՞ւմ եք, որ տատիկ դառնալու տեսլականն էլ սարերի ետեւում չէ:
-Ո՞նց չեմ մտածում, նույնիսկ երազում եմ, երազելու բան չունեմ` այդ մասին եմ երազում (ծիծաղում է): Դա երջանկություն է, ընդհանրապես, էվոլյուցիոն ընթացքից չեմ նեղվում:
-Իսկ ինչպե՞ս է հաջողվում միշտ երիտասարդ մնալ:
-Ժամանակին մեր տատիկների պատրաստած դիմակներից եմ մեկ-մեկ դնում (ծիծաղում է): Առանձնապես բան չեմ անում, պարզապես ներքին հոգեվիճակս արտացոլվում է արտաքինիս վրա: Երեւի գաղտնիքն այն է, որ ես, նախ եւ առաջ, լավատես եմ. սա է կարեւորը: Իմ հանդիսատեսին էլ մաղթում եմ, որ միշտ լավատես լինի…

 

 

 

 

 

Ո՞ՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ ԵՐԲԵՄՆԻ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ. ՄԱՍ 5

«Ժողովուրդ»-ը, ընդառաջ գնալով ընթերցողների խնդրանքներին եւ հաշվի առնելով մեր շարքի հանդեպ նրանց ցուցաբերած հետաքրքրությունը, շարունակում է «պեղել» երբեմնի հայտնի աստղերին, որոնք այսօր անհետացել են հանրային դաշտից: Մենք հետաքրքրվել ենք` որտեղ են նրանք, ինչով են զբաղված եւ հնարավոր է արդյոք առաջիկայում ակնկալել նախկին հայտնիների վերադարձը:

Այսպիսով` հերթական հայտնի դեմքը, որին «գտել ենք», հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանն է: Նա մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ սեպտեմբերին ինքն ու ամուսինը` դերասան, ռեժիսոր Նարբե Պողոսյանը, կվերադառնան եթեր: «Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, արդեն որոշել ենք հաղորման բնույթը, որի շրջանակում պետք է ներկայանանք, սակայն դեռեւս չենք ցանկանում դրա վերաբերյալ փակագծեր բացել»,- ասաց Աստղիկը` հավելելով, որ ինքը վերջին շրջանում զբաղված է երեխայի խնամքով, իսկ Նարբեն` իրենց ընտանեկան բիզնեսով` տարբեր կոորպորատիվների կազմակերպմամբ եւ մասնագիտացված խանութի գործերով:
Աստղիկն անկեղծորեն նշեց, որ իրենք էլ են շատ կարոտել էկրանը. «Պարզապես այս դադարը մեզ շատ էր պետք. նախ` հանգստացանք, եւ հետո` հեռուստադիտողը հասցրեց մեզ կարոտել»,-եզրափակեց նա:
Նախկինում հայտնի հաջորդ դեմքը, որի հետ հաջողվեց կապ հաստատել, երգչուհի, նախկին «4 տարբերակ» խմբի անդամ Նարինե Մկրտումյանն է: Նա մեզ հետ զրույցում խոստովանեց, որ խմբի կազմալուծումից հետո ինքը դեռ հստակ չի կողմնորոշվում, թե ինչ ոճում պետք է ներկայանա` որպես անհատ երգչուհի:
«Չեմ ուզում անել նույն բանը, ինչ անում են բոլորը: Ամեն դեպքում, ճիշտ է` էկրաններին չեմ երեւում, բայց որպես երգչուհի աշխատում եմ ակումբներում, երգում եմ միջոցառումների ժամանակ: Ի դեպ, ունեմ մի քանի նոր երգ, եկավ մի պահ, երբ սկսեցի ձայնագրվել, «Կյանքս կերել ես» հիթային մի երգի հիման վրա մտադիր էի տեսահոլովակ նկարահանել, սակայն Նորոյի համանուն երգի թողարկումից հետո հետ կանգնեցի այդ մտքից: Միգուցե գա պահ, որ ոգեւորվեմ, սկսեմ նոր տեմպով աշխատել, տեսնենք»,-ասաց նա` հավելելով, որ գոհ է իր վաստակած գումարից:
Զրույցի ավարտին Նարինեն անդրադարձավ նաեւ «4 տարբերակ» խմբի անդամների վերամիավորման մասին լուրերին` նշելով, թե շատ կցանկանար, որ դա իրականություն դառնար:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ
Անվանի դաշնակահար Տիգրան Համասյանն իր «Լոյս ի Լուսոյ» խորագրով համերգով հունիսի 17-ին ելույթ է ունեցել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Ինչպես տեղեկացնում են Վիրահայոց թեմից, 5-20-րդ դարերի հայկական հոգեւոր երաժշտության նորովի մեկնաբանությանը մասնակցել է Երեւանի պետական կամերային երգչախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Համերգի մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Թբիլիսիում օրերս տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը:
Նշենք, որ արձագանքելով անցած կիրակի Թբիլիսիում տեղի ունեցած աղետին՝ հայ գործիչներն իրենց զորակցությունն են հայտնել վրաց ժողովրդին: Հունիսի 18-ին ծրագրված է «Լոյս ի լուսոյ» խորագրով բարեգործական համերգը, որով նրանք հանդես կգան Թբիլիսիի Վանո Սառաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի ջրհեղեղից տուժածների օգնության հիմնադրամին:

 

ՀԱՇՏՎԵԼ ԵՆ
Հայտնի ռեփերներ Հայկոն եւ Միշոն, ովքեր տարիներ առաջ կոնֆլիկտային հարաբերություններ ունեին, հանդես են եկել միասին նոր նախագծում: Այս մասին տեղեկանում ենք «Շարմ» ընկերության ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակվել են նրանց համատեղ լուսանկարները: Թե ինչն է կրկին միավորել ռեփերներին, «Շարմ»-ից առայժմ չեն ցանկանում մեկնաբանել` խոստանալով այդ մասին տեղեկություններ տրամադրել ավելի ուշ:

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Արեւմտյան մամուլը հայտնում է հերթական աստղային զույգի բաժանության մասին: Ընթերցողների մոտ դեռ թարմ են հիշողությունները նախորդ տարվա դեկտեմբերին Շոն Պենի ու Շարլիզ Թերոնի` փարիզում տեղի ունեցած գաղտնի նշանադրության մասին: Այժմ սակայն հայտնի է դարձել, որ նրանք բաժանվել են Թերոնի նախաձեռնությամբ` Կաննի փառատոնին միասին ներկայանալուց հետո: Լրագրողները փորձել են կապ հաստատել աստղերի հետ եւ լսել նրանց մեկնաբանությունները, սակայն դեռ ոչ մի պատասխան չեն ստացել:
Հիշեցնենք, որ Թերոնի եւ Պենի սիրավեպը սկսվել էր 2014-ի սկզբին, իսկ 2015-ի հունվարին Պենը որդեգրել էր Թերոնի խորթ որդուն:




Լրահոս