Խնդրում եմ ասել ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գրանցման ժամկետները, ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց եւ ՀՀ-ում բնակվող քաղաքացիների հետ ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն եւ այլն)` վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն` օրենքով սահմանված կարգով: Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը եւ ոչ ուշ, քան երեք ամիսը: ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց եւ ՀՀ-ում բնակվող քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով` երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 150 000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 120 000 դրամ, յոթ աշխատանքային օրվա ընթացքում՝ 90 000 դրամ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում խառնամուսնությունների հիմնական պատճառը հատկապես տղամարդկանց գործազրկությունն է, մյուս կողմից՝ ամեն գնով արտասահման գնալու ցանկությունը: