
Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր` ժամը 14:30-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում Դեբեդ գետում երեխա է խեղդվել:
Armlur.am-ի հետ զրույցում Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շարոյանը հայտնեց, որ գետում եղել են երկու 14-ամյա երեխաներ, որոնցից մեկին համագյուղացին հասցրել է փրկել, մյուսին` ոչ. «Մեր համագյուղացիները չեն: Հնարավոր է` Այրումից են լողալով եկել-հասել այստեղ: Կորած երեխայի հայրը Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնում, մայրն ու քույրը ևս նրան են փնտրում հիմա: Իմ համագյուղացին նկատել է` ինչպես է գետը երկու երեխա բերում: Հասցրել է մեկի ձեռքից քաշի, դուրս հանի, մյուսին չի կարողացել, ցավոք: Բայց նկատել է` ինչպես է երեխան ընկնում ջրամբար: Հիմա ակտիվ որոնողական աշխատանքներ են ընթանում: Տեղի ուժերով փորձում ենք գտնել երեխային: Ցավոք, հույսեր չունենք, որ փրկված կլինի: Հավանականություն գրեթե չկա»:
Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ գետն այս պահին շատ վարար է, ինչը ևս մեծացնում է երեխայի` ջրահեղձ լինելու հավանականությունը: