Թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում մեկնարկել են մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրությունները։
Քվեարկության մեկնարկը տրվեց է 08.00-ին և շարունակվելու է մինչև 20.00-ն։
Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 3 թեկնածու՝ “Ժառանգություն” կուսակցությունից՝ Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը, ինչպես նաև՝ ինքնառաջադրված անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:
Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել են ՀՀԿ-ից՝ “Սովռանո” ՍՊԸ-ի տնօրեն Արման Սահակյանը և ՀՀՇ տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը: Նշենք, որ “Փաստինֆո” լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 2-ին ժամը 8-ից 20-ը 1 և 35 ընտրատարածքներում քվեարկության համար կբացվի համապատասխանաբար 35 և 45 ընտրատեղամաս:
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են երեք տեղական հասարակական կազմակերպություններ. “Շահեն”ՀԿ-ն հայտավորել է 129, “Իրավակիրթ հասարակություն”-ը՝ 10, “Հաշմանդամների “Փարոս” կրթության և մշակույթի զարգացման կենտրոն”-ը՝ 4 դիտորդներ: Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն և արձանագրությամբ կվավերացվեն մինչև դեկտեմբերի 3-ի ժամը 14-ը:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Ռուբեն Հայրապետյանը, ով, սակայն, “Հարսնաքարում” տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից։ Իսկ թիվ 35 ընտրատարածքում, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը վայր էր դրել իր պատգամավորական լիազորությունները՝ Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: