Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազատության հրապարակում երկու երիտասարդ վիճաբանել էին նստացույց անող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ: Երիտասարդներից մեկը` Լևոն Մարտիրոսյանը, սպառնում էր կոտրել տեխնիկան և «ոտի տակ գցել ամեն ինչ»: Նրանց դուր չէր եկել երաժշտության բարձր ձայնը, որը միացրել էին նստացույցի մասնակիցները: Դրանից անմիջապես հետո սկսվեց քննարկվել, թե ով է այս երիտասարդը, ով էր նրան ուղարկել, արդյոք փորձում էր սադրել նստացույցի մասնակիցներին և այլն:
Նախկին քաղբանտարկյալ, այժմ Ստրասբուրգ քաղաքում բնակվող Գևորգ Մանուկյանն, ով Արմավիրի մարզի Ծիածան գյուղից է, Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ հիշյալ երիտասարդին շատ լավ է ճանաչում: Լևոն Մարտիրոսյանը Էջմիածնի շրջանի գյուղերից է: Մանուկյանի խոսքով` նա գեներալների «մարդ է»: «Նա գեներալների ավտոների «պակրիշկա» լպստող է: Միգուցե հիմա պաշտոնը բարձրացրել են` չգիտեմ: Բայց այն ժամանակ մի օր գեներալ Սեյրանի ավտոյի «բագաժնիկում» էր, մի օր Մանվելի, մի օր Բաղդասարովի: Հիմա էլ ուզում է իր տերերին ցույց տալ, որ ինչ-որ բան է անում: Իր տերերն էլ իրենց հերթին են ցույց տալիս, որ մեր թուլեքը ինչ-որ բան են անում: Ես իրեն շատ լավ եմ ճանաչում»,- մանրամասնեց Մանուկյանը:
Armlur.am-ը նաև խոսեց Լևոն Մարտիրոսյանի հետ: Վերջինս կտրականապես հերքեց, որ որևէ կապ ունի գեներալների հետ. «Ես սովորական քաղաքացի եմ, ոչ մի կապ չունեմ ոչ մի գեներալի հետ: Հա էջմիածնից եմ, բայց կապ չունեմ»:
Լևոն Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում չի բնակվում, մի քանի օրով է եկել այստեղ հանգստանալու նպատակով: «Ես Ռուսաստանում բիզնես ունեմ, այնտեղ եմ ապրում: Այստեղ եկել եմ` հանգստանալու: Հարազատներիս հետ սրճարանում նստած էինք, երաժշտության ձայնը բարձրացնում էին, մի քանի անգամ զգուշացրեցի, հասկացան, բայց հետո նորից բարձրացրեցին»,- ասաց նա: Իսկ հարցին` ինչու չի դիմել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, Լ. Մարտիրոսյանն ասաց. «Դիմել եմ, ոստիկանները ասացին, որ նստացույց անողներն իրավունք ունեն այստեղ նստացույց անելու, թույլատրված է և վերջ»:
Այս երիտասարդը նեղսրտել է, որ իր հասցեին վիրավորական խոսքեր են գրում համացանցում. «Ես մտադրություն չունեի վիճելու նրանց հետ: Ես ինքս դեմ եմ հոսանքի թանկացմանը, ես ծնողներ ունեմ, ովքեր այստեղ եմ ապրում: Ես նույնիսկ նստացույցի առաջին օրը իրենց հետ եմ եղել: Բայց մի քանի անգամ իրենց հանգիստ զգուշացրել եմ»:
Վերջինս ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը գեներալներից ոչ մեկի հետ կապ չունի, իրեն ոչ ոք չի ուղարկել Ազատության հրապարակ:
Քրիստինա Աղալարյան