Ես քաղաքական գործիչ չեմ: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին վերագրվող ծեծկռտուքներին` նշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության արդեն նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նա հայտարարեց, թե մտերիմ հարաբերություններ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ և կարծում է, որ մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, հիանալի տղա է:
«Ես դրսում եմ եղել, ես չեմ կարող այդ մասին խոսել: Ես ավելի շատ Եվրոպայում եմ լինում: Ես ո ՞նց շփվեմ նրանց հետ, ենթադրենք Իսպանիայում եմ: Իսկ հիմա էլ, երբ Հայաստանում եմ, ժամանակ չունեմ, որ գնամ շփվեմ իրենց հետ: Հեսա հենց ժամանակ ունեցա, կգնամ, կշփվեմ, որ ժամանակ եղավ, անպայման գնալու եմ», – նշեց նա` հավելելով, թե մարզպետի հետ վերջին դեպքերի մասին չի զրուցել:
Մ. Հակոբյանը հայտնեց, որ մարզպետի որդու անվան հետ կապված ծեծկռտուքների մասին տեղյակ չէ, իսկ անդրադառնալով Ս. Խաչատրյանի դեմ կատարված մահափորձին, նա նշեց, թե այդ ժամանակ արտերկրում է եղել: Այն դիտարկմանը, թե միգուցե հաշվեհարդա՞ր էր Խաչատրայանի նկատմամբ կատարվածը, Հակոբյանը պատասխանեց. «Ես ի ՞նչ իմանամ, նենց բաներ եք ասում: Էդքան բան իմանամ` կգնամ Արդարադատության նախարար կաշխատեմ»: