Ինչպես արդեն հայտնել էինք, Ազատության հրապարակում նստացույց հայտարարած «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են երթով շարժվել դեպի նախագահական նստավայր` Բաղրամյան 26:
Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ քիչ առաջ հավաքված մարդկանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և կտրուկ հայտարարեց, թե իրենք թույլ չեն տալու, որպեսզի երթ լինի դեպի նախագահական նստավայր: Փոխոստիկանապետը սա բացատրեց այն հանգամանքով, որ նստացույցն անօրինական է եղել: Սրան ի պատասխան` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտնեցին, որ կիրակի օրը հնարավորություն չեն ունեցել դիմելու քաղաքապետարան: Այդուհանդերձ, փոխոստիկանապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ երթ թույլ չի տրվում անել և հորդորեց նախաձեռնությանը մարդկանց կոչ անել առաջ չշարժվել: Այս պահին հավաքված մարդիկ քննարկում են իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը վստահեցրել էր, եթե երթի ժամանակ ապօրինի քայլեր լինեն մասնակիցների կողմից, ոստիկանները օրենքով սահմանված կարգով կանեն իրենց գործառույթներն ու պարտականությունները: Ոստիկանապետն այսպիսով չէր արձանագրել, որ երթ կազմակերպելն ընդհանրապես արգելվելու է:
Ստացվում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում բախումներն անխուսափելի կլինեն: