«Հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով համաժողովը կարևոր հարցերի քննարկման նպատակով մեկ հարկի տակ էր հրավիրել ՀՀ առողջապահության, ֆինանսների, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց հիշատակված հետազոտության դերն ու կարևորությունն առողջապահության հետագա քաղաքականության և ռազմավարության մշակման գործում։
«ՀՀ առողջապահության նախարարությունը, հավատարիմ մնալով մեր կողմից ստանձնած պարտականություններին և հենվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020»՝ առողջության և զարգացման համաեվրոպական քաղաքականության վրա, շարունակում է համակարգի գնահատման գործընթացը։ Նպատակը բնակչության հարաճուն պահանջին զուգընթաց ոլորտի գործունեության բարելավումը և արդյունավետության բարձրացումն է»,-ասաց նա:
Նախարարը հավելեց, որ առողջապահության ոլորտում գնահատման և վերլուծությունների իրականացման հիմնական գործիքներից են Առողջապահության համակարգի գործունեության գնահատման և Առողջապահության ազգային հաշիվների տարեկան զեկույցները։ Դրանք օգտագործվում են ինչպես ՀՀ պետբյուջեից ակնկալվող հատկացումները, այնպես էլ համակարգում կատարվող բաշխումները հիմնավորելու համար:
Հանդես գալով «Առողջապահության համակարգի գործունեության գնահատումը» զեկուցմամբ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական կենտրոնի տնօրեն Դիանա Անդրեասյանը նշեց, որ այդ գործիքը հնարավորություն է ընձեռում դիտարկել և գնահատել առողջապահական համակարգի գործունեության արդյունավետությունը, բարեփոխումների առաջընթացն ու ազդեցությունը բնակչության առողջության վրա: Այն նաև հետագա բարեփոխումների և ներդրումների գրավական է: Բանախոսը մանրամասն ներկայացրեց միջազգային փորձագետների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված մեթոդաբանությամբ կազմված զեկույցը։
Հայաստանի առողջապահության ազգային հաշիվները (ԱԱՀ) ՀՀ առողջապահության ոլորտի ֆինանսական հոսքերի գնահատման միակ համապարփակ գործիքն է, որը հավաքագրում, գնահատում և վերլուծում է առողջապահության ոլորտում գործող բոլոր ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այն մշակվել է հիմնվելով Համաշխարհային բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ մշակած մեթոդաբանության վրա:
Ներկայացված երկու զեկույցի շուրջ ծավալվեց արդյունավետ քննարկում։
Համաշխարհային բանկի փորձագետ Լուկաս Գորտազարը ներկայացրեց ծխելու տարածվածության և մահացության ցուցանիշները Հայաստանում և Վրաստանում։ Բերելով ծխախոտի հարկման միջոցով վնասակար այդ սովորությունից զերծ պահելու աշխարհի փորձը` նա խոսեց նաև ակնկալվող արդյունքների մասին։
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ վերջին տարիներին ՀՀ առողջապահության համակարգում բարեփոխումներ են իրականացվում բնակչության առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ։ Որպես առաջնային թիրախ են ընտրվում ոչ վարակիչ հիվանդություններից առաջացած բեռի նվազեցումը, առողջ ապրելակերպի խթանումը, առողջ ընտանիքի ձևավորումը և ամրապնդումը: Այդ ծրագրերը կյանքի կոչելու համար համակարգված աշխատանքներ են տարվում կենտրոնական և մարզային մակարդակներում՝ արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների առավել նպատակային օգտագործման, հանրային առողջապահության ծառայությունների կատարելագործման, մասնագիտական որակավորման շարունակական բարձրացման և այլ ուղղություններով:
Համաժողովը կազմակերպել էին ՀՀ առողջապահության նախարարությունը և Համաշխարհային բանկը։