«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակն այնքան ծանր է, որ գործադիրն ընդամենը մեկ շաբաթ առաջ ստորագրված 205 միլիոն եվրո վարկի համաձայնագիրը փորձում է օր առաջ ՀՀ ԱԺ-ում վավերացնել՝ նույնիսկ օրենսդրությունը ոտնահարելու ճանապարհով: Նշենք, որ հունիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Գերմանիայի Կառավարությունը ՀՀ Կառավարությանը խոստացել էր վարկ տրամադրել: Ու եթե մոտ տասը օր հետո սկսվեր նշված գործընթացը, ապա օրենսդրությունը խախտելու անհրաժեշտություն չէր առաջանա:
Բայց, ինչպես երեւում է, ՀՀ Կառավարությունը նույնիսկ տասը օր սպասելու ժամանակ չունի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարկը հատկացվելու է կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, եւ Կառավարությունն այդ գումարները չի կարողանա իր հայեցողությամբ տնօրինել: ՀՀ Սահմանադրական դատարանն էլ ստիպված է եղել կոպտորեն խախտել «ՍԴ մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շաբաթ օրով ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել, իսկ հունիսի 22-ին ՍԴ նիստ նշանակել: Բացի այդ, որոշման մեջ նշված չէ, թե ստացվելիք վարկն ինչի վրա է ծախսվելու»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: