Ողջ գիշեր լարված և արտակարգ դրություն է տիրել Բաղրամյան պողոտայում: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ դուրս եկած քաղաքացիները, որոնց ոստիկանությունը թույլ չէր տալիս առաջ շարժվել դեպի նախագահական նստավայր` գործի դնելով անգամ զրահապատ մեքենաներ, բռնության և սպառնալիքներ են ենթարկվել ոստիկանների կողմից:
Ժամը 5:30՝ նախազգուշացնելուց հետո, ոստիկանները սկսել են Բաղրամյան փողոցը ցուցարարներից ազատելու օպերացիա՝ ջրցան մեքենաների, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ: Ցուցարարների «բախտին» են արժանացել նաև երթն ու նստացույցը լուսաբանող մի խումբ լրագրողներ: Առաջինը ոստիկանները քաշքշել են «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբին` պահանջելով ազատել միջանցքը և վնասելով ուղիղ տեսահեռարձակող տեխնիկան:
Այնուհետև հարձակում սկսվեց լրագրողների վրա՝ այս գործում ակտիվությամբ աչքի են ընկել քաղաքացիական հագուստով անձինք: Նրանք թիրախավորված հարձակվել են լրագրողների վրա, ջարդել տեսանկարահանող տեխնիկան, բռնագրավվել տեսանկարահանող սարքերի չիպերը:
Ապա բերման է ենթարկվել «ԳԱԼԱ» TV.am-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ով ավելի ուշ հայտնել է, որ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ծեծել. «Անձամբ Երեւանի ոստիկանապետի ներկայությամբ, ես գոռում եմ, բղավում եմ, ասում եմ՝ լրագրող եմ, ինձ խփում են, ծեծում են: Երեւանի ոստիկանապետին՝ Աշոտ Կարապետյանին եմ ասում՝ ես լրագրող եմ, բղավում է դե տարեք: Հենց հիմա դեմքս լրիվ կապտուկների մեջ է, խփում են ինձ, այստեղ սարսափելի բան է կատարվում»,-հեռախոսով ոստիկանության բաժանմունքից փոխանցել է Փայլակ Ֆահրադյանը:
Տեսանյութը` «Ազատություն» ռադիոկայանի: