ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների` երեկ Բաղրամյան պողոտայում հայտարարած նստացուցյի վերաբերյալ: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, իրենց քայլերը պատճառաբանված են ակցիայի մասնակիցների անօրինական քայլերով: Հաղորդագրության մեջ ասվում է. «Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են:
«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ժամը 22.00-ից մինչև 8.00-ն բնակելի և այլ շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով: Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքը դադարեցվում է, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահի անհամաչափ սահմանափակումը: Առաջնորդվելով նշված իրավադրույթներով՝ հավաքը դադարեցնելու պահանջով ոստիկանությունը դիմել է հավաքի ղեկավարներին: Հավաքի ղեկավարների կողմից ոստիկանության պահանջը չի կատարվել:
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից բազմիցս պահանջել է դադարեցնել անօրինական հավաքը, որի համար սահմանվել է ողջամիտ ժամկետ: Հավաքի մասնակիցներին նախազգուշացվել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում օրենքով սահմանված հատուկ միջոցներ կիրառելու ոստիկանության լիազորության մասին: Ընդ որում՝ հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել Ազատության հրապարակում կամ քաղաքի ոչ բանուկ այլ մասերում:
Ոստիկանությունը հիշյալ կանխարգելիչ գործողությունները իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով:
Այնուամենայնիվ, բանակցությունները և համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը:
Ոստիկանական միջոցառման ընթացքում տարածքային բաժիններ են բերվել տասնյակ իրավախախտներ:
Ոստիկանական գործողության շրջագծում հայտնվել են նաև լրագրողներ, որոնք հետևողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու և ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ:
Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են կրել և ներկայացնել տարբերակիչ նշաններ ու համապատասխան փաստաթղթեր, չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:
Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Նույն օրենսգրքի 261-րդ հոդվածի ուժով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում իրավախախտ անձանց նկատմամբ կարող է կիրառվել «վարչական ձերբակալում» հարկադրանքի միջոցը:
Տվյալ դեպքում, որոշ լրագրողների կողմից օրենքով նախատեսված պահանջներն անտեսվել են, ինչը և հանգեցրել է անցանկալի հետևանքների»: