Ո՞ւմ էր պետք Թևոսիկի բեմադրությամբ կազմակերպված «մասկի շոուն». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում: Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել:

Իհարկե, պաշտոնապես հայտարարվեց, որ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը բերման ենթարկել Թեւոս Սաֆարյանին, Կարեն Բագրատունյանին՝ Սամբիստ Կարենին, Հարություն Ալեքսանյանին՝ Քանաքեռցի Հարութին, եւ եւս 7 հոգու, որոնց մեջ է եղել նաեւ Թեւոս Սաֆարյանի որդին՝ 23-ամյա Նորիկ Սաֆարյանը: Եւ, պաշտոնական տեղեկության համաձայն, բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Իսկ ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ էլ հայտնաբերվել էր շագանակագույն չորացված զանգված:

Նկատենք, որ ցանկացած քրեական հեղինակության եւ նրան ուղեկցող ավտոմեքենա, եթե ոստիկանությունը նույնիսկ պատահականության սկզբունքով կանգնեցնի, ապա հաստատ զենք եւ թմրանյութի նման ինչ-որ զանգված կհայտնաբերվի: Եւ այս իրավիճակում մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հենց հիմա հիշեց Թեւոս Սաֆարյանին: Չէ՞ որ նա ամիսներ առաջ էր կալանավայրից դուրս եկել ու կարծես թե հարթել էր իր հարաբերությունները քրեական ու քաղաքական այն շրջանակների հետ, որոնց հետ բախման արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս