
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ռեկտորի ընտրություններն ավարտված են եւ կանխատեսելի էին, ինչպես հայաստանյան բոլոր ընտրությունները։ Երեք բուհերից երկուսում ընտրությունը մաքուր «բրեժնեւյան» էր։ Բժշկական համալսարանում եւ ԵՊՀ-ում ընտրվեցին միակ գրանցված թեկնածուները՝ գործող ռեկտորներ Միքայել Նարիմանյանն ու Արամ Սիմոնյանը, իսկ Պոլիտեխնիկում, որը կոչված էր «փրկելու» գործընթացի դեմքը, հաղթեց այլընտրանքային թեկնածուն՝ բուհի նախկին ռեկտոր, դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը, որն ընկալվում էր որպես իշխանության, մասնավորապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Պոլիտեխնիկի կառավարման խորհրդի վերջերս ընտրված նախագահ Սամվել Նիկոյանի աջակցությունը վայելող թեկնածու։
Թերեւս միակ անակնկալը, որ խորհրդի 32 անդամներից 12-ը (8 դասախոս եւ 4 այլ անձ) ձայն էր տվել Պոլիտեխնիկի նախկին ռեկտորին՝ Հովհաննես Թոքմաջյանին, ուրախալի էր։ Նշանակում է՝ Պոլիտեխնիկը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ Հայաստանի ամենադեմոկրատական բուհը։ Հիշեցնենք, որ Հովհաննես Թոքմաջյանի օրոք այստեղ պայքար էր գնում բուհի ղեկավարի դեմ․ ուսխորհրդի անդամներն էին բարձրաձայնում ճնշումների մասին, դասախոսներ էին հեռացվում։ Այժմ կարծես թե Թոքմաջյանի հեռանալու ժամանակն է։ Երեկ կեսօրին Պոլիտեխնիկի կուլիսներից լուրեր էին տարածվում, թե մի քանի դասախոսներ արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Նորընտրիր ռեկտորը պարզաբանեց, որ համալսարանում վհուկների որս չկա, որ ոչ մի դասախոս չի հեռացել, այլ դիմումներ են գրել նախկին ռեկտորի երկու խորհրդականները եւ աշխատակազմի ղեկավարը։ «Բնական է, որ նա իր հետ բերել էր երկու խորհրդականների։ Մեկը՝ Ռաֆայել Վահանյան, մյուսը՝ Էդիկ Ղազարյան։ Նրանք հենց շաբաթ օրն են գնացել Թոքմաջյանի մոտ եւ գնալու ցանկություն հայտնել։ Մյուսը Սամսոն Զատիկյանն էր՝ աշխատակազմի ղեկավարը, իր բերած անձը, նախկին ոստիկան, որը նույնպես դիմում է գրել եւ դուրս եկել։ Սա նրա թիմն էր, եւ ես բնական եմ համարում, որ նրանք հեռանում են։ Ես ունեմ իմ թիմը, իմ մարդիկ, որոշ երիտասարդ կադրեր կան, որոնց ես կբերեմ։ Ես ինչո՞ւ պետք է պարտադրված լինեմ նրանց հետ աշխատելու»,- ասաց արդեն իրեն տեր ու տնօրեն զգացող ռեկտորը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: