Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ է հղել, որը ամբողջությամբ ներկայացնում ենք .
«Ընդառաջելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքներին և ի նշան իմ խորին երախտագիտության նրանց ուշադրության ու բարեսրտության համար՝ պարտքս եմ համարում մեր հասարակությանն իրազեկել 2014թ. դեկտեմբերի 9-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, մամուլում և լրատվական կայքերում «Մի´ սպանեք մորս, պարոն Սերժ Սարգսյան» խորագրի ներքո հրապարակված իմ բաց նամակի հետևանքների մասին: Չնայած այն հանգամանքին, որ հրապարակման օրը նշված բաց նամակը մուտքագրվել էր ՀՀ Նախագահի աշխատակազմում և նամակների բաժնի աշխատակիցները ինձ տվել էին ծանրակշիռ հավաստիքներ առ այն, որ ողջամիտ ժամկետներում կարժանանամ պատասխանի, ես առ այսօր որևէ պաշտոնական գրություն Սերժ Սարգսյանից կամ նրա աշխատակազմից չեմ ստացել:
Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից որևէ այլ երկրում՝ բացառությամբ ալիևյան Ադրբեջանի, գերագույն իշխանության կողմից նման քամահրական վերաբերմունքը քաղաքացու պաշտոնական դիմումին պարզապես անհնարին է: Բայց այն, ինչը բացառվում է եվրոպական քաղաքակրթության ուղին բռնած պետություններում, բիրտ ասիականության մեջ ավելի ու ավելի թաղվող մեր երկրում դարձել է տխուր օրինաչափություն: Սերժսարգսյանական ռեժիմը ոչ միայն անտեսում է առանձին քաղաքացիներին և քաղաքացիական խմբերին, այլև ցինիկաբար արհամարհում ողջ հասարակությանը, ոտնահարում հասարակական կարծիքը որպես այդպիսին՝ իրեն պարտավորված չհամարելով պատասխանել նույնիսկ բաց հանրային դաշտում իրեն հասցեագրված և լայն հասարակական հնչեղություն ստացած հարցադրումներին: Դրա փոխարեն, ինչպես ես արձանագրել եմ Սերժ Սարգսյանին ուղղված իմ բաց նամակում և ստիպված եմ այժմ վերահաստատել, ռեժիմն ամեն պատեհ և անպատեհ առիթով դիմում է ուժային՝ ոստիկանական, դատախազական, դատական և հարկադիր կատարողական՝ իրեն հլու-հնազանդ ծառայող և իր պատվերները կատարող գործիքակազմին:
Այն, որ դատաիրավական լծակները սերժսարգսյանական ռեժիմի կողմից կիրառվում են ստալինականության տխրահռչակ ավանդույթներին համաձայն՝ քաղաքական հակառակորդներին լռեցնելու և չեզոքացնելու նպատակով՝ Հայաստանում հայտնի է բոլորին: Այդ իսկ պատճառով սպասելի էր, որ ի պատասխան իմ բաց նամակին ռեժիմն իրեն բնորոշ ձեռագրով նորից գործի կդնի դատական մահակը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՌԴ քաղաքացի Սենիկ Ջուլհակյանի հերթական՝ թվով 5-րդ հայցն ընդդեմ ինձ: Պատմությունը կրկնվում է՝ ինչպես ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը չի ցանկանում լսել զոհված զինծառայողների մայրերին՝ գերադասելով շփվել նրանց հետ ոստիկանների միջոցով, այնպես էլ այս դեպքում՝ թաքնվում է իր պատվերներով առաջնորդվող յուրային օլիգարխների, դատավորների և հարկադիր կատարողների թիկունքում:
Ծանոթանալով հայցադիմումի բովանդակությանը՝ ստիպված եմ նշել, որ այն չի տարբերվում նախորդներից՝ Սերժ Սարգսյանի կողմից ընդդեմ ինձ պատվիրված և ուժի մեջ մտած դատավճռից և վճիռներից: Այս անգամ էլ առաջ քաշված հայցապահանջները հիմնվում են բացահայտ կեղծիքների և միտումնավոր ստի վրա: Երկրի Նախագահի փոխարեն ստանձնելով քաղաքացու կողմից Նախագահին հասցեագրված դիմումին պատասխանելու գործառույթը և դրանով, փաստորեն, յուրացնելով երկրի Նախագահին վերապահված լիազորությունը, Սենիկ Ջուլհակյանը փորձում է այդ «խիզախությունը» քողարկել բացահայտ և միտումնավոր կեղծիքներով: Այսպես՝ նրա հայցադիմումում Սերժ Սարգսյանին ուղղված իմ բաց նամակը ներկայացվում է որպես «ինտերնետային կայքէջերում լույս տեսած «Սենիկ Ջուլհակյանն իշխանություններից ստացել է քաղաքագետների միության տարածքը խլելու «դաբրոն»» վերնագրով հոդված»:
Բոլորին է հայտնի, որ կայքերում և երեք թերթերում՝ «Հրապարակ», «Հայկական ժամանակ» և «168 ժամ», 2014թ. դեկտեմբերի 9-ին և 10-ին հրապարակվել է ոչ թե ինչ-որ հոդված, այլ ՀՀ Նախագահին ուղղված իմ բաց նամակի բնագրական տեքստը: Հասկանալի է, թե ինչու են որոշել լրատվամիջոցների կողմից ընտրված «Մի´ սպանեք մորս, պարո´ն Սերժ Սարգսյան» («Հայկական ժամանակ»), «Խնդրում եմ, մի´ սպանեք մորս» («Հրապարակ»), «Հմայակ Հովհաննիսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին՝ չորս շինծու գործերի մասին» (www.a1plus.am), «Հմայակ Հովհաննիսյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին» (www.lragir.am) խորագրերը խեղաթյուրել և ՀՀ Նախագահին հասցեագրված պաշտոնական գրությունը ներկայացնել որպես Սենիկ Ջուլհակյանի դեմ ուղղված «հոդված»: Սերժ Սարգսյանը սիրում է մարդկանց կռվացնել և ուրիշի ձեռքերով կրակիցշագանակներ հանել: Այս դեպքում էլ անհրաժեշտ եղավ նորից «մեյդան գցել» յուրային գործարարին, որի շինծու դատական հայցադիմումների պատճառով1937թ. երիտասարդ հորից զրկված, «ժողովրդի թշնամու» դուստր հայտարարված և բնակարանից վտարված մայրս ամեն լույս օրը դիմավորում է մղկտոցով. «Բալես, խնդրում եմ, էս իմ տունն էլ, քո գրասենյակն էլ տուր Սերժին՝ թող մեզնից ձեռ քաշի, էդ դատաստաններին վերջ տա»: Փորձում եմ առարկել. «Այ մայր, պատգամավորական մանդատից էլ քո հորդորներով հրաժարվեցի՝ Սերժը հո դրանով չբավարարվեց»: Այս դժոխային բանավեճը նոր ուժով ու ավելի մեծ թեժությամբ շարունակվում է քնելուց առաջ. «Աղասի Խանջյանի օգնականի, նույնպես վանեցու՝ Ցեղասպանության ժամանակ ծնողներից զրկված ու որբացած, թուրքի ձեռքից հրաշքով մազապուրծ եղած ու ամերիկյան մանկատանը եղբոր հետ մեծացած հորս գլուխը կերան 33 տարեկանում, որովհետև «Խորհրդային Հայաստանի» պատասխանատու խմբագիրն էր, քեզ նման օր ու գիշեր գրում էր, իսկ եղբայրը ինժեներ դարձավ, պատերազմը մինչև Բեռլին անցավ, ողջ մնաց և տարիներ անց, 90 տարեկանում, հարազատների գրկում աչքերը հանգիստ փակեց: Թո´ղ էդ քաղաքականությունը, իմ մասին չե՞ս մտածում, կյանքիս լուսաբացին հորս եմ կորցրել քո էդ անիծված փեշակի պատճառով… Խանջյանի սպանությունից հետո հորս սպանեցին, Կարեն Դեմիրճյանի սպանվելուց հետո ուզում ես՝ քո գլուխն էլ ուտեն, ու ես անտե՞ր մնամ»:
Այս մղկտոցը ես լսում եմ յուրաքանչյուր օր մի մորից, ով նախկինում միշտ հպարտացել է, որ զավակը ժառանգել է իր հոր ձիրքն ու բախտ ունեցել հայոց նորագույն պատմության ժամանակաշրջանում դառնալու Կարեն Դեմիրճյանի ամենամերձավոր զինակիցը: Սա ասում է մի մայր, ով 1990-ականներին, երբ շաբաթ չէր լինում, որ չհյուրընկալվեի Կարեն Դեմիրճյանի օջախում, մինչև ուշ գիշեր չէր քնում՝ սրտատրոփ սպասում էր իմ վերադարձին, դուռը բացում էր և հույսն աչքերում անհամբեր հարցնում. «Դե ասա´, մորդ ուրախացրո´ւ, Կարեն Սերոբիչին համոզեցի՞ր, ե՞րբ է վերադառնալու, էս տանջված ժողովրդին ե՞րբ է տեր կանգնելու»:
Ինձ հետ բոլոր դժվարություններն ու դառնություններն անմռունչ կիսող մայրս մինչև 2008թ.մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները և Սերժ Սարգսյանի Նախագահ դառնալն այդքան կտրուկ կասկածի տակ չէր դնում քաղաքագետի և քաղաքական գործչի իմ ընտրած ուղին: Եթե մինչև վերջերս հաջողվում էր գտնել անհրաժեշտ հակափաստարկներ համոզելու համար, որ իմ համեստ անձը չի կարող հետաքրքրել ահաբեկիչներին, ապա 2012թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողության միասնական միջկուսակցական շտաբի ստեղծումից հետո սկսված դատական և հարկադիր կատարողական ծանուցագրերի տարափի տակ նրան արդեն հնարավոր չէր համոզել, որ ստալինյան դատական «տրոյկաները» չեն վերակենդանացել:
Գուցե դա ընդամենը անցյալից եկող դաժան հուշերի արձագա՞նքն է մորս գիտակցության մեջ: Բայց եթե նույնիսկ այդպես է, մի՞ թե կարելի է արդարացնել երկրի Նախագահի կողմից նման սառնասիրտ դաժանությունը՝ մորս բնակարանը կալանքի տակ դնելու և դատական տեռորի նոր ալիք բարձրացնելու միջոցով Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակը խլելու մտադրության անբեկանելիությունը: Մի՞ թե այդ վարքագծով չես նմանվում իր դաժանությամբ հայտնի կայսր Ներոնին, ով, ինչպես վկայել են պատմիչները, առաջնորդվում էր «Պետք է գործել այնպես, որ հպատակներից և ոչ մեկի մոտ ոչինչ չմնա» սկզբունքով: Սակայն Ներոնը վերջում իր մորը սպանեց, իսկ մեզանում ներոնները, սեփական ագահությունից դրդված, պատրաստ են սպանել ունեզրկվողների մայրերին:
Ամենսարսափելին այն է, որ մեր օրերում էլ այս դաժանությունները կատարվում են իշխանության պատվերով առաջնորդվող դատարանների միջոցով: Սերժ Սարգսյանի պատվերով վարույթ են ընդունվում և բավարարվում նույնիսկ ամենաանհեթեթ հայցերը, որոնցում պարզապես գրված է, որ «մածունը սև է»: Չեմ կասկածում, որ Սենիկ Ջուլհակյանի թվով 5-րդ հայցը նույնպես կբավարարվի, թեև այս անգամ էլ այն ծայրից ծայր հիմնված է ստի ու կեղծիքի վրա: Այսպես, փորձելով ներկայացնել Սերժ Սարգսյանին ուղղված իմ նամակի բովանդակությունը որպես «զրպարտություն», Սենիկ Ջուլհակյանը հայտարարում է, որ ինքը և իր աշխատակիցները չեն փորձել 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 15-րդ օրը՝ ապրիլի 21-ին, խոչընդոտել իմ մուտքը Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում տեղակայված ընտրությունների հանրային վերահսկողության միասնական միջկուսակցական շտաբ: Այս դեպքի մասին նույն օրը՝ ապրիլի 21-ին ՀՔՄ-ն և միասնական շտաբը տարածել էին հաղորդագրություն, որում ասված էր. «Հայաստանի քաղաքագետների միությունը և ընտրությունների հանրային վերահսկողության միասնական միջկուսակցական շտաբը հրավիրում են ՀՀ իրավապահ մարմինների, ՀՀ Օմբուդսմենի, Հայաստանում ընտրարշավի ընթացքը վերահսկող միջազգային դիտորդական կազմակերպությունների ուշադրությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրագործված բռնության այս խայտառակ դեպքի վրա, որը բացահայտում է հանրապետական վարչախմբի հակաժողովրդավարական, բռնարար, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները խրախուսող էությունը»: Հաղորդագրությունը նույն օրը հրապարակվել է լրատվամիջոցներում, իսկ օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն անհապաղ այցելել են դեպքի վայր և արձանագրել կատարվածը: Դրան ի պատասխան, Սերժ Սարգսյանի վարչախումբն իրեն հոգեհարազատ ոճով տուժողին դարձնելով մեղադրյալ և ապա դատապարտյալ, իմ դեմ հարուցել է մեկ քրեական գործ և ներկայացրել երեք քաղաքացիական հայց: Սա ոչ այլ ինչ էր, քան վրեժխնդրության նպատակով ժողովրդի ընտրյալից պատգամավորական մանդատն ուժային ճնշման միջոցով խլելու խայտառակ պատմություն: Եթե որևէ մեկը նախկինում կարող էր ունենալ ինչ-որ կասկածներ այս գնահատականի արդարացիության վերաբերյալ, ապա ս.թ. փետրվարի 12-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը ուժային եղանակով ծնկի բերեց մի ամբողջ կուսակցություն և 30-ից ավելի անդամներ ունեցող խորհրդարանական խմբակցությունը, այսօր արդեն բոլոր կասկածները պետք է դրվեն մի կողմ: Սերժ Սարգսյանը բռնապետի իրավունքով նշանակում է և´ պատգամավորներին, և´ կուսակցապետերին, և´ խմբակլցությունների ղեկավարներին, արտոնում է կամ չի արտոնում կուսակցությունների առաջնորդների՝ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը: Սա է այսօրվա Հայաստանը, որը ոչնչով չի տարբերվում ամենահետամնաց աֆրիկյան բռնապետություններից:
Մեջբերելով Սերժ Սարգսյանին ուղղված իմ նամակի այն «զրպարտիչ» դրույթը, որում ես արձանագրել եմ, որ «ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2014թ. մայիսի 29-ին ընդունել է որոշում իմ քաղաքացիական իրավունքների հերթական խախտման մասին՝ առաջարկելով ՀՀ գլխավոր դատախազին Սենիկ Ջուլհակյանի դեմ հարուցել քրեական գործ՝ ինձ պատկանող գույքին ապօրինաբար վնաս պատճառելու համար, հայցվորն անամոթաբար հայտարարում է, թե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. մայիսի 29-ի որոշում գոյություն չունի, առավել ևս Գևորգ Կոստանյանին այդ հարցով երբևէ չի դիմվել, վերջինս այդ մասին որևէ որոշում չի կայացրել, այդ կապակցությամբ Սենիկ Ջուլհակյանը երբևէ որևէ վայրում ցուցմունք չի տվել»:
Միանգամից ասեմ, որ բոլոր այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են իմ կողմից բերված փաստերի ճշմարտացիությունը և Սենիկ Ջուլհակյանի պնդումների բացահայտ սուտ լինելը, իմ ձեռքի տակ են, ինչպես նաև առկա են ՄԻՊ գրասենյակում: Վերջապես, այդ հարցի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը հրապարակվել է լրատվամիջոցներում 2014թ. հուլիսի 1-ին՝ «ՄԻՊ-ը բացահայտել է, որ Գլխավոր դատախազությունը խախտել է Հմայակ Հովհաննիսյանի իրավունքը» խորագրով (տե´ս www.aravot.am, www.lragir.am, www.1in.am և այլն): ՄԻՊ աշխատակազմի սույն հայտարարությունում արձանագրվում է. «Գլխավոր դատախազության թերի և ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը զրկվել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից»:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Մնում է միայն եզրակացնել, որ Սենիկ Ջուլհակյանն իսկապես օգտվում է ամենաբարձր հովանավորությունից, քանի որ եթե ՀՀ Նախագահին ուղղված իմ բաց նամակի հրապարակումից հետո, որում վկայակոչվում են իմ իրավունքների ոտնահարման մասին Մարդու իրավունքների պաշտպանի երկու որոշումները, Սերժ Սարգսյանը ոչ միայն քայլեր չձեռնարկեց դրանց կատարումն ապահովելու ուղղությամբ, այլև իր հովանավորյալին արտոնեց մոգոնելու ևս մեկ շինծու հայց: Թվով հինգերորդ դատական հայցադիմումով իմ նամակին պատասխանելը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հրաժարվում իշխանության նախագահական ինստիտուտը երկրի քաղաքացիների հոգսերից և խնդիրներից հեռու պահելու արատավոր պրակտիկայից, այլև առաջնորդվում է անցանկալի հարցադրումներ հնչեցնող քաղաքացիներին կամակատար դատական «տրոյկաների» միջոցով ընտանյոք՝ մայր ու զավակով, ունեզրկելու և ոչնչացնելու՝ դասական ստալինականությանը հատուկ գործելակերպով»: