ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, չի հետևել երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին և բռնություններին: Միևնույն ժամանակ նա վստահ է, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը չէր կարող բռնություն կիրառելու հրահանգ տալ և լրագրողներ ծեծել:
Նա նշեց, թե ինքը և մյուս պատգամավորները հնարավորության սահմաններում փորձում են այնպես անել, որ էլեկտրաէներգիան չթանկանա: «Ես չեմ տեսել, չեմ հավատում Երանոսյան Լյովան տենց բան անի: Կարող ա մի անհատ իրան լավ չի պահել, հակաօրինական բանա արել, իսկ դուք ամբողջը վերագրում եք ժողովրդին: Կարող է մի հոգի ինադու սարքել է, որ մասսաներին հանի», – նշեց նա:
Այն դիտարկմանը, որ ցուցարարների ներսում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային, ովքեր սադրում էին, նա նշեց. «Բայց կարող է իրենք սարքած լինեն իրար մեջ, ոստիկան չլինեն, պրովակացիա անեն, խի՞ դա հաշվի չեք առնում»:
Նրա խոսքով, բոլորն էլ իրավունք ունեն պայքարելու: «Ամեն մի հայ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, ես կողմ եմ: Բայց ինչ գիտեք` ո՞վ է հարձակվել: Ինչ գիտե՞ք ոստիկաններ էին, պրովակացիա կարողա անեին: Շոգա, ջուր են շփել, ի՞նչ անենք», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ այս գիշեր ոստիկանները Բաղրամյան պողոտայում հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում վիրավորվել են քաղաքացիներ և լրագրողներ: