Հիմա կարող ենք շատ խելոք դեմք ընդունել ու դատողություններ անել, որ ճիշտ կլիներ բանակցեին, գնային Ազատության հրապարակ: Բայց դա հարցի մի կողմն է: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած դեպքերին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ամենակարևորը պետք է նշենք, որ մենք ունենք գիտակից երիտասարդություն, իր իրավունքների համար պայքարող երիտասարդություն, և նրանք առավելագույնս հանդարտ էին, կազմակերպված էին, և ես կարծում եմ, որ կատարվածը դատապարտելի է», – նշեց նա:
Նրա խոսքով, բոլորը պետք է պահանջեն, որ բոլոր բերման ենթարկվածները ժամ առաջ ազատ արձակվեն, և մեր իշխանությունները հաշվի նստեն գիտակից հասարակության հետ: Հարցին, թե ինչու քաղաքական ուժերը ևս կանգնած չէին ցուցարարների կողքին, Վարդանյանը պատասխանեց. «Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիական հասարակությունը իր նախաձեռնությամբ է հանդես գալիս: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված մեր դիրքորոշումը մենք մշտապես հայտարարել ենք: Մենք ուշադիր հետևել ենք, պարտադիր չէր քաղաքական ուժերի ներկայացվածությունը, մենք պաշտպանում էինք նրանց պահանջները»:
Հարցին, թե ՀՅԴ-ն խորհրդարանում այս առնչությամբ ինչ է անելու, Վարդանյանը պատասխանեց. «Այն, ինչ առաջարկել ենք: Ընդմիջմանը ԱԺ նախագահի մոտ պետք է լինի քննարկում, և այն ինչ կարող է իր լիազորությունների սահմաններում անել ԱԺ-ն, մենք պահանջելու ենք, որ կատարեն: Խոսքն առաջին հերթին բերման ենթարկվածներին ազատ արձակելու մասին է, և եթե կա անհամաչափ բռնություն, ուժի կիրառում` նաև դրանց ուսումնասիրություն»:
Այն դիտարկմանը, որ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն անձամբ է օպերատորի նկատմամաբ բռնություն կիրառել, Վարդանյանը պատասխանեց. «Ես դետալների մեջ չեմ մտնի, որովհետև կոնկրետ բաներ չգիտեմ ես: Բայց իմ պահանջն է, որ յուրաքանչյուր դեպք, ես վստահ եմ, որ ամեն ինչ տեսանկարահանված է, պիտի քննության առարկա դառնա»:
Հիշեցնենք, որ գիշերը լարված իրավիճակ է տիրել Բաղրամյան պողոտայում, ոստիկանները բռնություն են կիրառել քաղաքացիների և լրագրողների հանդեպ և հեռացրել նրանց տարածքից: