Հայաստանում էլէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ու ցուցարարների հանդեպ ուժի կիրառմանն են անդրադարձել նաև միջազգային մամուլը:
Մասնավորապես Daily mail-ը գրում է, որ ոստիկանները էլէներգիայի թանկացման դեմ պայքարող 4000 ցուցարարների ցրելու համար ջրցան մեքենաներ են կիրառել: Նշվում է, որ ցուցարարները մեղադրում են Սերժ Սարգսյանի իշխանությանը շրջափակման մեջ գտնող երկրում աղքատության դեմ պայքարի անհաջողությունների մեջ:
Fox news-ը ևս անդրադարձել է բողոքի ցույցերին՝ նկարագրելով բողոքի ցույցերի ընթացքն ու դրանք ոստիկանության կողմից ցրելը: Մինչ արևմտյան ու ամերիկյան մամուլը ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերը ներկայացնում է առանց ավելորդ որակումների, ռուսական մամուլը «հայկական մայդանի» մեկնարկի մասին է հայտնում:
Մասնավորապես politrussia.com-ը գրում է «հայկական մայդանի մասին»՝ տեղեկացնելով ոստիկանության կողմից 240 անձանց ձերբակալության մասին:
Российская газета-ն էլ գրում է, որ Հայաստանում ցրել են «էներգոմայդանը»: Լրատվամիջոցը նաև ցուցարարների լուսանկարներ է հրապարակել: