Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, ողջ գիշեր Բաղրամյան պողոտայում ոստիկանները հատուկ օպերացիա են իրականացրել: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ դուրս եկած քաղաքացիները, որոնց ոստիկանությունը թույլ չէր տալիս առաջ շարժվել դեպի նախագահական նստավայր` գործի դնելով անգամ զրահապատ մեքենաներ, բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից:
Նույն բախտին են արժանացել նաև տեղում աշխատող լրագրողները: Այս գործում ակտիվությամբ աչքի են ընկել քաղաքացիական հագուստով անձինք: Նրանք թիրախավորված հարձակվել են լրագրողների վրա, ջարդել տեսանկարահանող տեխնիկան, բռնագրավվել տեսանկարահանող սարքերի չիպերը:
Իրադարձություններին ականատես Armlur.am-ի թղթակիցը` Քրիստինա Աղալարյանը, հայտնում է, որ այն ժամանակ, երբ ոստիկաններն արդեն ցրում էին ակցիայի մասնակիցներին, այն լրագրողները, որոնք բերման չէին ենթարկվել, փորձել են առաջ շարժվել: Այդ պահին քաղաքացիական համազգեստով, «POLICE» գրառմամբ թևկապով մի քանի ոստիկաններ սկսել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել հանգիստ քայլող լրագրողների հասցեին: Սրան ի պատասխան` լրագրողներն ասել են, որ իրենք պարզապես հանգիստ քայլում են, և կարիք չկա, որ ոստիկանները գոռան կամ վիրավորեն իրենց:
Ոստիկանները, ակցիայի մասնակիցներին հետևելով, Բաղրամյան պողոտայից շարժվում էին դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ մեր թղթակիցը իր անձնական հեռախոսով նկարահանում էր իրականացնում: Այս ընթացքում Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտեցել են լրագրողին` փորձելով խոչընդոտել նկարահանումը: Դրանից հետո նրանցից մեկը, բռնելով լրագրողի պարանոցից (տեսանյութում` սև վերնաշապիկով, դիտել 1.55 րոպեից), հորդորել է «գնալ տուն և հանգստանալ»: Այնուհետև նրանց են միացել ևս մի քանի` կրկին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր փորձել են խլել լրագրողի հեռախոսը, թեպետ նկարահանումը լրագրողն արդեն դադարեցրել էր` հասկանալով, որ նրանք փորձում են բռնություն գործադրել: Դրանից հետո քիչ հեռու կանգնած ոստիկանության Հրեշտակների գումարտակի հրամանատարը փորձել է հանգստացնել իր «գործընկերներին» և լրագրողին ուղեկցել դեպի իրենց մեքենան` համապատասխան բուժօգնություն ցույց տալու:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: