Հայաստանում էլէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցերին ու ցուցարարների հանդեպ ուժի կիրառմանն են անդրադարձել նաև թուրքական ու ադրբեջանական մամուլը:
Մասնավորապես, haqqin.az-ը «Երևանում ոստիկանները ծեծի են ենթարկում ձերբակալված լրագրողներին» վերնագրով հոդված է հրապարակել, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է երեկ Երևանում իրադարձությունների զարգացումը:
Contact.az-ն իր հերթին գրում է, որ Երևանում ոստիկանությունը հաշված րոպեների ընթացքում դաժանորեն ցրել է էլէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարող ցուցարաներին: Կայքը նաև իրադարձությունների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:
Vesti.az-ը գրում է, որ Երևանում այսօրվա իրադարձությունների զարգացումը կարող է հանգեցնել իշխանափոխության: Կայքը նշում է, որ «ուշագրավ է, որ ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարել «մեգավատային Մայդանին» իր մասնակցության մասին»:
Թուրքական «Հյուրիյեթ» կայքը տեղեկացնում է իր ընթերցողներին, որ Երևանում էլէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքելու համար հավաքվել է շուրջ 4000 ցուցարար: Նշվում է, որ ցուցարարներին ցրելու համար կիրառվել են ջրցան մեքենաներ: