ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) խորհրդի նախագահ Վու Վանլիանգին և ընկերության ներկայացուցիչներին:
Նախարարը ողջունեց հյուրերին՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումների ընթացքում քննարկվող հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն մեր երկրի ենթակառուցվածքային համակարգի զարգացմանը:
«CCECC» ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատեց չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակից դառնալու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:
Չինական կողմը ներկայացրեց ծրագրի ֆինանսավորման հնարավոր մի քանի մեխանիզմներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկաթուղու կառուցման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:
Կողմերը հանգամանալից քննարկեցին «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման առանձնահատկությունները: Երկուստեք ընդգծվեց երկաթուղու կառուցման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:
Նշենք, որ Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպությունը (CCECC) արագ զարգացող ընկերություն է: Վերջին 3 տարիներին «CCECC-ն» հաջողությամբ կնքել է ծավալուն նախագծերի այնպիսի պայմանագրեր, ինչպիսիք են` Նիգերիայի երկաթուղու արդիականացման նախագիծը՝ 850 մլն ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, Եթովպիայի Միեսո-Դավանլե-Ջիբուտի նավահանգստային երկաթուղու նախագիծը` 1.98 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով և Չադի երկաթուղու ցանցի նախագիծը` 5.631 միլիարդ ԱՄՆ դոլար արժեքով:
«CCECC-ի» բիզնեսի գործունեությունը սփռված է Ասիայի 60 երկրներում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Օվկիանիայում, ավելի քան 40 երկրներում ունի գրասենյակներ կամ մասնաճյուղեր: