«Քաղաքացիական պայմանագիրը» պահանջում է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը հաղորդագրություն է տարածել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ.

«2015 թվականի հունիսի 23-ի առավոտյան ժամը 05:45-ի սահմաններում ՀՀ իշխանությունը ոստիկանության ուժերի և անհայտ անձանց միջամտությամբ հարձակում է գործել Երևանի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների, ինչպես նաև իրադարձությունը լուսաբանող լրագրողների վրա: Տասնյակ խաղաղ քաղաքացիների, այդ թվում լրագրողների, ենթարկել են բռնությունների եւ նվաստացնող վերաբերմունքի: Նույն գործելաոճը ժամեր անց կիրառվել է նաև Գյումրի քաղաքում անցկացվող ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Խախտվել են ՀՀ և միջազգային օրենսդրությամբ սահմանված քաղաքացու և մարդու բազմաթիվ հիմնարար իրավունքներ և ազատություններ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության մարտիմեկյան ոճով կատարած այս գործողությունները: Կատարվածի անմիջական պատասխանատու է համարում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին և ոստիկանության ղեկավար կազմին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը պահանջում է պատշաճ քննություն իրականացնել լրագրողների օրինական, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ ոստիկանության ներկայացուցիչների կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու ահազանգերի առիթով և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր ցուցարարներին»։




Լրահոս