Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարություն է տարածել Երևանի կենտրոնում հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած ոստիկականական
բռնությունների մասին.
«Ինչպես և սպասվում էր` Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացրած
վարչախումբը նորից մերկացրեց իր բռնապետական դեմքը:
Անօրինակելի վատնումներով և չարաշահումներով երկիրը սնանկացման եզրին
հասցրած ռեժիմը վերջին տարիների իր հիմնական սնուցումն ապահովում էր
ապագա սերունդների ուսերին ծանրացող վարկերով և արտագաղթող բնակչության
դրամական փոխանցումներով: Սակայն վերջին շրջանի աշխարհաքաղաքական
զարգացումների և ռեժիմի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության
հետևանքով վերջինս սկսել է զրկվել այդ ավանդական փրկօղակներից և
ստիպված է առանց այն էլ չքավորության ճիրաններում գտնվող սեփական
ժողովրդին կեղեքելու նորանոր միջոցներ գտնել, ինչպես նաև զանգվածային
թանկացումների ուղին բռնել:
Սա անխուսափելիորեն բերելու էր սոցիալական բողոքի ալիքի բարձրացման, ինչի
ականատեսն ենք ներկայումս: Նման բողոքի կառավարման միակ ձևը, որին
տիրապետում և դիմում է այս համակարգը, զանգվածային բռնություններն են::
Արձանագրենք, որ քաղաքացիական պայքարի կամքը կոտրելուն միտված
ոստիկանապետության վերջին բռնի գործողություններն իրականում ոչ միայն
ավելի են մեծացնելու այդ պայքարի վճռականությամբ տոգորվածների թիվը, այլև
նպաստելու են մեր ժողովրդի քաղաքական արթնացմանը, ռեժիմի բռնապետական և
հակամարդկային էության բացահայտմանը և քաղաքացիական զանգվածային
անհնազանդությամբ նրանից ազատվելու գաղափարի տարածմանը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և 100-ամյակը առանց ռեժիմի
շարժումը վերահաստատում են իրենց աջակցությունը Ոչ թալանին քաղաքացիական
շարժմանը և պահանջում ոստիկանության բաժանմունքներում բոլոր բերման
ենթարկվածներին անհապաղ ազատ արձակել, իսկ նրանց նկատմամբ անօրինական
գործողություններ կատարած պաշտոնյաներին օրենքով սահմանված կարգով
ենթարկել պատասխանատվության: