ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. հունիսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 2.7%: Միաժամանակ, մայիս ամսվա ՏԱՑ-ը ապրիլ ամսվա նկատմամբ կազմել է 7.1%, իսկ մայիսը նախորդ տարվա մայիսի նկատմամբ` 2.8%:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ առևտրի շրջանառության, որը կրճատվել է 8.6%-ով հունվար-ապրիլի -7.6% դիմաց (առևտրի շրջանառության մեջ մտնում են մանրածախ և մեծածախ առևտուրը և ավտոմեքենաների առևտուրը): Ծառայությունների աճը կազմել է` 3.8%, գյուղատնտեսության աճը` 6.0% և շինարարության աճը` 0.4%:
Արդյունաբերության աճը հունվար-մայիսին կազմել է 4.5%, իսկ մայիս ամսին նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 5.2%: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի մայիս ամսին կազմել է 107.5%, իսկ հունվար-մայիսին` 106.1%:
Տարեսկզբից սկսած արդյունաբերության աճը դրական միտում ունի (2015թ. հունվար-մայիսի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն հունիսի 30-ին, որի հիման վրա կտրվեն լրացուցիչ մեկնաբանություններ):