Այսօր խորհրդարանում քննարկվել էր մի նախագիծ, որով առաջարկվում էր արգելել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական աստիճանի հավակնել իրենց պաշտոնավարման ընթացքում: Սակայն այդ նախագիծը չանցավ՝ ընդդիմադիրների դեմ քվեարկության պատճառով: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս առնչությամբ սոցցանցում գրել է.
«Այսօր Ազգային Ժողովում շատ տարօրինակ բան է կատարվել: Ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով, այն է` քվերկությանը չմասնակցելով, չընդունվեց մի շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն: Խոսքը վերաբերում էր մեր այն առաջարկությանը, որով արգելովում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց (շուրջ 500 հոգի) գիտական աստիճանի հավակնել իրենց պաշտոնավարման ընթացքում:
Այն մարդիկ, որոնք պաշտոնյաների կողմից գիտական թեզի ամեն պաշտպանություն փորձում են վերածել սկանդալի, այսօր մերժեցին այդ հարցը օրենքով կարգավորելու հնարավորությունը:
Հ. Գ. Այսօր Ազգային Ժողովում ընդդիմությունը փաստացի կարող էր տապալել ցանկացած օրինագիծ` այդքան քննարկվող վարկային համաձայնագրեր, արտաքին պարտքի և այլն:
Սակայն մեր թունդ ընդդիմադիրները «խիզախեցին» տապալել միայն իշխանավորների իրավունքները փաստացի սահմանափակող օրինագիծը: Ընդդիմություն եմ ասել, էհ…»: