Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Համալսարանի հարեւանությամբ «Լավանդա» դեղատունը շինարարություն է իրականացնում: Օրվա ընթացքում տարբեր ժամերի մեծ աղմուկ է բարձրանում եւ խանգարում դասերին: Համալսարանը բազմիցս փորձել է կապ հաստատել «Լավանդա»-ի սեփականատիրոջ՝ գործարար, դեռեւս ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանի հետ, սակայն վերջինս բուհի խնդրանքներին չի արձագանքել: Նշենք, որ համալսարանը նաեւ հայտնել է, թե շինարարության պատճառով վնասվել է համալսարանի ջեռուցման խողովակը, եւ այն չվերականգնելու դեպքում 6000 ուսանողների դասերը ստիպված կդադարեցվեն: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նախ ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, Ձեր շինարարությունը խանգարում է ուսանողների դասերին:
-Աշխատանքներ կային, որոնք մի թեթեւ խանգարում են, որը այսօր ավարտվում է, բայց աշխատանքները, ինչպես իրենք են նշել, 10 օր չէ, այլ ընդամենը երեք օր է, ինչ իրականացվում են, եւ ես ունեմ բոլոր թույլտվությունները՝ այն իրականացնելու համար: Դա կարող եմ ասել, որ միայն խանգարում է ռեկտորին, այլ ոչ թե ուսանողներին:
-Ի՞նչ է նշանակում՝ խանգարում է միայն ռեկտորին: Ի վերջո, ուսանողներն են այդտեղ դասի գնում:
-Մեր կաբինետները, կոնկրետ ռեկտորի կաբինետը, իմ կաբինետի վերեւն է, եւ երբ ինքը դռռացնում, գռռացնում, բռռացնում էր, ես ոչ մի տեսակի բան չասացի իրեն` հասկանալով, որ մարդը նոր է եկել եւ վերանորոգում է իր կաբինետը, ու քանի որ հիմա ես եմ անում, ինքն այսպիսի աղմուկ է բարձրացրել, եւ ինձ ասում են, թե շինարարությունը ժամը 6-ից հետո արե՛ք: Բայց 6-ից հետո էլ բանվորները չեն աշխատում:
-Փաստորեն, աղմուկը միջանձնային տարաձայնության արդյո՞ւնք է, որտեղ ներքաշվել են նաեւ ուսանողները:
-Միանշանակ ինքը թաքնվել է ուսանողների հետեւում եւ նման բան է անում: Կանգնել եմ իմ շինարարության մոտ՝ դրսում, ու երբ գալիս են, բոլորին հարցնում եմ, թե ում է խանգարում: Ասում են՝ ոչ ոքի էլ չի խանգարում:
-Փորձե՞լ եք ռեկտորի հետ զրուցել եւ համաձայնության գալ:
-Շատ լավ ճանաչելով իրեն՝ փորձել եմ, բայց ինքը խուսափում է հանդիպումներից:
-Ինչ-որ բա՞ն ունի Ձեր դեմ:
-Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա մարդ, որ իմ դեմ ինչ-որ բան ունենա: Խեղճ երեխաներին ներքաշել են այս ամենի մեջ:
-Դուք փորձում եք հարցը տանել անձնական հարթություն, բայց մենք համալսարանում տեղեկացանք, որ շինարարության պատճառով վնասվել է համալսարանի ջեռուցման խողովակը, եւ այն չվերականգնելու դեպքում 6000 ուսանողի դասերը ստիպված կդադարեցվեն:
-Այդ խողովակներն անցնում են իմ կառույցի միջով, ու երեւի դրանից է ավելի շատ պրոբլեմ առաջացել: Դրանք 40 տարվա խողովակներ են, եւ ես ասել եմ, որ այսպես թե այնպես պայթելու են: Եկե՛ք իմ եւ ձեր ջանքերով սարքենք: Մի խոսքով, չեմ կասկածում, որ սա դեմագոգիա է: Ոչ մեկի կյանքում նեղություն չեմ տվել եւ ոչ էլ՝ վնաս: Ինչ-որ մեկին պրոռեկտոր է դարձրել, որը ոչնչից չի հասկանում, բաներ է ասում:
-Փաստացի բողոքը կա, ի՞նչ եք պատրաստվում անել:
-Այսօր ավարտվում է աշխատանքը, եւ առանձնապես բանի տեղ չեմ դնում. այնտեղ 30 բանվոր է աշխատում, ու մի թեթեւ՝ ընդամենը 3 օր, աղմուկ է եղել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Մանկավարժական համալսարանի ռեկտոր ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ հետ:
-Պարո՛ն Միրզախանյան, Արայիկ Հայրապետյանը կարծում է, որ Դուք թաքնվել եք ուսանողների հետեւում եւ անհիմն աղմուկ եք բարձրացրել:
-Ես հասկանում եմ, որ այդ արտահայտությունները, մեկնաբանությունները որոշակի ինտելեկտուալ հնարավորությունների մասին են խոսում, բայց ես ըմբռնումով եմ մոտենում այդ ամենին: Պարզապես չեմ հասկանում, թե ումից եմ թաքնվում:
-Ա. Հայրապետյանից, ըստ որի՝ խուսափում եք հանդիպել:
-Ես էլ եմ ուզում հասկանալ: Սա չի համապատասխանում իրականությանը, ավելին, տրամաբանությունից զուրկ է: Կա խնդիր, եւ այն բավականին լուրջ է: Մանկավարժական համալսարանն այդ խնդրին մոտենում է բավականին լուրջ եւ լուրջ միջոցների կգնա, որովհետեւ խաթարված է մի քանի հազար ուսանողների ուսումնական պրոցեսը, եւ եղանակները ցրտել են, արդյունքում էլ վնասվել է ջեռուցման խողովակը: Պաշտոնապես ասում եմ, որ ոչ մի ուսանողի հետ նման խոսակցություն չեմ ունեցել: Ինքս, գտնվելով այս մասնաշենքում, աղմուկն ամեն օր լսել եմ: Թող գան եւ աշխատեն շաբաթ-կիրակի օրերին, եւ մենք խնդրել ենք, առաջարկել, ցավոք սրտի, մեր առաջարկը չի բավարարվել: Սա այն դեպքն է, որ ճշմարտությունը մեկն է:
-Ա. Հայրապետյանը նշում է, որ բանվորները 6-ից հետո չեն աշխատում, եւ, առհասարակ, շաբաթ եւ կիրակի հանգստյան օրեր են, ինքը չի կարող իր «Լավանդա»-ն կառուցել հանգստյան օրերին:
-Պետք է հաշվի առնել մյուս պետական կառույցների աշխատանքն էլ: Մանկավարժական համալսարանը պետական կառույց է եւ, բնականաբար, պետության սեփականությունը: Չի կարելի մի ինստիտուտի իրավունքը համարել մյուսի նկատմամբ ստորադաս:
-Ի՞նչ եք պատրաստվում անել:
-Նա պետք վերականգնի համալսարանի ջեռուցումը, եւ ես թույլ չեմ տա, որ մեր ուսանողներն եւ դասախոսները մրսեն:
-Եթե չիրականացնի՞:
-Դրա համար կան համապատասխան մարմիններ եւ լծակներ: