Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը նվիրված էր 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների քննարկմանը:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն և տարվա պլանով նախատեսված միջոցառումները հիմնականում կատարվել են:
Հանդիպման ընթացքում գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, ով հավաստել է, որ լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները, միջոցներ են ձեռնարկվում նրանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ:
Բարձր գնահատելով Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը, ինչպես նաև նրանց հնարավոր աճյունների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ՀՀ ՊՆ հետ համագործակցությունը՝ նիստին ներկա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներ տիկին Դոմինիկ Լիեգմեն և Վալերի Յարմակն իրենց ելույթներում նշել են, որ այն պահանջում է բավականին ժամանակատար և համակարգված գործունեություն: Այս առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԿԽՄԿ անդամներին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության աշխատանքային խմբերի միջև հանդիպում կազմակերպելու համար:
Ելույթներով հանդես են եկել նաև հանձնաժողովի անդամները, ովքեր ներկայացրել են 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացրած միջոցառումները, անհայտ կորած ընտանիքներ կատարած այցերի ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Քննարկվել է նաև անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին կայանալիք միջոցառումների ծրագիրը:
Ամփոփելով հանձնաժողովի նիստը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակությամբ փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքները եղել են արդյունավետ, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Նախարարը մատնանշել է նաև այն հանգամանքը, որ այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ-ից գերության մեջ հայտնվելու, ինչպես նաև ՀՀ տարածք գերի հանձնվելու դեպքեր չեն արձանագրվել:
Ընդգծելով, որ Հանձաժողովին առընթեր աշխատանքային խմբի կողմից մարզեր իրականացրած այցելությունները դրական արձագանքների են արժանացել՝ Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է նաև հստակ հանձնարարականներ՝ հույժ կարևորելով անհայտ կորածների ընտանիքներին բարոյապես, ֆինանսապես և սոցիալապես աջակցելու անհրաժեշտությունը:
Նշենք նաև, որ նիստի ընթացքում ելույթով և համադրված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով հանդես է եկել ԼՂՀ համանման պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: