ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստն անցավ բավական ծանր մթնոլորտում: Նիստի օրակարգում ընդգրկված էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության նախագիծը, եւ քննարկմանը մասնակցում էին նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատները:
Հավանաբար մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայությունն էր ճնշել իշխանական պատգամավորներին, որ նրանք գերադասեցին ոչ թե միանգամից կտրուկ դեմ արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը, այլ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն առաջարկեց հարցի քննարկումն ու քվեարկությունը շարունակել երկուշաբթի առավոտյան: Ակնհայտ էր, որ իշխանական թեւն ամեն գնով ցանկանում էր խուսափել հանձնաժողովի ստեղծմանը դրական եզրակացություն տալուց: Միայն թե՝ նրանք պատրաստվում են դա անել զոհերի հարազատների բացակայությամբ: Դ. Հարությունյանը երեկ ասաց, թե պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երկու բացակա անդամներ՝ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ասել են, թե ներկա գտնվելու դեպքում կողմ կքվեարկեին նախաձեռնությանը, ուստի, ըստ նրա, ճիշտ կլինի այդ հարցի քվեարկությունը հանձնաժողովում կազմակերպել երկուշաբթի, երբ այդ պատգամավորները եւս կլինեն նիստին ու տեսակետ կհայտնեն:
ՀՀԿ խմբակցությունից Լեւոն Մարտիրոսյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց, թե իր դիրքորոշումը կարտահայտի հարցի քննարկումից հետո: Նա թեեւ ասաց, որ իշխանությունը շահագրգիռ է մարտի 1-ը բացահայտելու առումով, սակայն դժվարացավ ասել՝ կգնա արդյոք ՀԱԿ-ին ընդառաջ ու կստեղծի հանձնաժողով. «Սա առանձին քայլ է եւ բացահայտման հետ կապ չունի»: Իսկ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը վերապահումներ ունի հանձնաժողովի ստեղծման հարցում, սակայն վերջնական կարծիքը կհայտնի երկուշաբթի օրվա նիստում: Նա նշեց, թե դեմ է հարցը քաղաքականացնելուն, այնինչ երեկվա ելույթներում քաղաքական ձեւակերպումներ էին առկա: Հարությունյանը նաեւ հավելեց, որ քաղաքականացված հանձնաժողով ստեղծելու արդյունավետությունը կասկածելի է, նույնիսկ դրա օրինակը՝ Նիկոյանի գլխավորած նախկին հանձնաժողովը, ձախողվեց, քանի որ ենթատեքստը քաղաքական էր: «Եթե հանցագործությունների բացահայտումը քաղաքական է, եթե մարդասպաններին պատժելը քաղաքական է, ուրեմն մենք քաղաքականացնում ենք»,-երեկ հակադարձեց Ջհանգիրյանը: Միայն թե, ըստ նրա, հարկավոր է գոնե նայել մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին, իսկ դրա համար պետք է քաղաքական կամք դրսեւորել ու սպանությունները բացահայտել:
Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորները երեկվա նիստում առաջ էին տանում այն թեզը, որ ընդդիմությունը, մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելով, փորձում է նախագահական ընտրություններում շահարկել այս հարցը: Սակայն երեկվա նիստում Ջհանգիրյանը, ի պատասխան Դ. Հարությունյանի հարցին, ասաց, թե համաձայն է անգամ, որ հանձնաժողովը ստեղծվի ու գործի նախագահի ընտրություններից հետո, միայն թե ստեղծվի: «Անձամբ ես խնդիր չեմ տեսնում, բայց մենք խմբակցությունում պետք է քննարկենք այս հարցը»,-տեղեկացրեց Ջհանգիրյանը: Մինչ այդ, սակայն, ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է դիմել ԱԺ նախագահին՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծն արտահերթ նախագիծ համարելու պահանջով, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք ԱԺ նիստում որպես արտահերթ հարց քննարկման են դնելու այն:
Ի դեպ, երեկ ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանը բավական միամիտ հարց տվեց Ջհանգիրյանին. «Մարդ է, տուժել է, վնասվածք է ստացել, հայցով դիմե՞լ է դատարան՝ փոխհատուցում ստանալու համար»: «Այստեղ բոլոր ատյանների դատարանները միաբերան, արագ-արագ, առանց տանջանքների, հոգեկան տվայտանքների մերժել են բոլոր հայցերը, հանգիստ»,-պատասխանեց Ջհանգիրյանը: «Բայց լրիվ հիմքով նյութը ո՞նց կարող են հանգիստ մերժել, զարմանալի է»,-տարակուսեց Ճշմարիտյանը: «Սմբատ Այվազյանին ո՞նց տարան նարկոտիկ ստուգելու, տեսան՝ նարկոտիկ չկա, հետո ասին` խփել ես ոստիկաններից մեկի կրծքավանդակին: Հավատո՞ւմ եք, որ խփած լիներ: Ի՞նչ միամիտ հարցեր եք տալիս»,-բացատրեց Ջհանգիրյանը:
Հ.Գ. Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀԱԿ հեղինակած հաջորդ օրինագիծը հենց ԸՕ փոփոխությունների փաթեթն էր, եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, թե որոշ դրույթներից իրենք պատրաստ են հրաժարվել: Պարզվեց՝ իշխանություններն անգամ այս դեպքում պատրաստ չեն որեւէ զիջման: Իսկ Դավիթ Հարությունյանի խոսքով ՝ ինքը դեմ է ՀԱԿ նախագծին ամբողջությամբ: «Առաջարկում ենք հարցի քվեարկությունը հետաձգել, որպեսզի ցույց տանք, որ մենք պատրաստ ենք կառուցողական դիրքորոշման»,-առաջարկեց Լեւոն Զուրաբյանը: Դ. Հարությունյանն էլ առաջարկեց 1 տարի ժամկետով հետաձգել հանձնաժողովում նախագծի քվեարկությունը. ըստ նրա՝ այս ընթացքում հեղինակները ցանկացած պահի կարող են նախագիծը դնել քվեարկության:
ԱՆԳԱՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ