ՉԻ ԽԱՅԹՎՈՒՄ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ տարբեր քաղաքական ուժերի խայթոցներն իր վրա չեն ազդում. «Ես գնում եմ նախագահական ընտրությունների, ես մասնակցելու եմ, որքան էլ լինեն խայթոցներ, չար հայտարարություններ, ես մասնակցելու եմ նախագահական ընտրություններին»:
ԲԵՅՐՈՒԹԻՑ ԵԿԱՎ
Երեկ ավարտվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
ՓԱԿԵԼ ԵՆ «ՖԵՅՍԲՈՒՔ»-Ը
Տաջիկստանի իշխանությունները արգելափակել են Facebook սոցիալական ցանցը: Այդ երկրի կապի ծառայության ղեկավար Բեգա Զուխրովի պնդմամբ` պատճառը քաղաքացիների բազմաթիվ բողոքներն են: Զուխրովը հայտարարել է, թե բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Տաջիկստանի վրդովված բնակիչներից, որոնք խնդրել են փակել կայքը, քանի որ այն «հարգարժան մարդկանց վերաբերյալ զրպարտանք է տարածում»:
ՖՈՐՊՈՍՏՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել է ՀՀ-ում ՌԴ առաջին պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը: Երկուստեք ընդգծվել է, որ ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը կնպաստի սահմանային ենթակառուցվածքների եւ անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
ԶՈՒՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ
Երեկ լուրեր տարածվեցին, թե երեկոյան կայանալիք ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ եղող ուժերը պահանջելու են Լեւոն Տեր-Պետրոսյանից` անհապաղ հայտարարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, այլապես իրենք հայտարարելու են, որ լքում են ՀԱԿ-ը: Նման բան, սակայն, տեղի չունեցավ: Ընդամենը կես ժամ տեւած քաղխորհրդի նիստում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները քաղխորհրդի մյուս անդամներին ներկայացրել են մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու եւ ընտրական օրենսդրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունների ընթացքի մասին: «Առավոտ»-ի տեղեկություններով` ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ որեւէ անդրադարձ քաղխորհրդի նիստում չի եղել:
ՎԱՉԵՆ ԿՀԵՌԱՆԱ՞
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մոտ ապագայում կարող է հեռանալ պաշտոնից։ Չի բացառվում, որ նա կրկին վերադառնա իրեն հարազատ Կենտրոնական բանկ, որի նախագահի տեղակալն էր մինչեւ նախարար նշանակվելը: Թե ով կփոխարինի Գաբրիելյանին, դեռեւս որոշված չէ։ Չի բացառվում, որ նախարարի պաշտոնը զբաղեցնի ներկայիս տեղակալներից որեւէ մեկը։
ՀԱՐՑԸ ՓԱԿՎԵԼ Է
Վրաստանի նոր իշխանությունները հայտարարել են, թե փոխել են իրենց որոշումը Ռուսաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու հարցում: newsgeorgia.ru կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի վերամիավորման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին ասել է. «Այդ թեման միանգամից փակվեց այն բանից հետո, երբ աբխազական կողմը հետաքրքրություն չցուցաբերեց հարցի նկատմամբ: Հարցը բարձրացվելուց հետո իսկույն փակվեց»: