ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուսնացած կնոջ` Նաիրա Հարությունյանի փոքր որդին Հրաչյա Գեւորգյանին «պապա» էր ասում, բայց Նաիրան Հրաչին մեղադրում է իրեն ու որդուն առեւանգելու եւ «շանտաժով» իր հորից փող «շորթելու» մեջ: Թե նրանցից ով է ում «գլխին սարքել», դատարանը դեռ կպարզի, բայց այս գործը հիշեցնում է մի հին անեկդոտ. մի կին ձախ ձեռքի երկու մատներին՝ մատնեմատին ու ցուցամատին, մատանիներ է դրած լինում, եւ երբ մեկը նրան հարցնում է, թե մատնեմատի մատանուց հասկացանք, որ ամուսնացած ես, բա ցուցամատինդ ինչպես հասկանանք, կինը պատասխանում է. «Ամուսնացած եմ, բայց դա կապ չունի»:    
Ըստ մեղադրական եզրակացության՝ Երեւանի բնակիչ, նախկինում 5 անգամ դատված 48-ամյա Հրաչյա Գեւորգյանը նախնական համաձայնության է եկել 26-ամյա Գարիկ Հարությունյանի հետ, պատանդ վերցրել Նաիրային եւ նրա անչափահաս որդուն՝ Սուրենին, եւ դանակով կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով`  ապօրինաբար զրկել է նրանց ֆիզիկական ազատությունից ու տեղափոխել իր բնակության վայր: Իսկ հետո Նաիրայի հորից գումար է պահանջել ու ազատ արձակել պատանդներին: Բացի այդ, Հ. Գեւորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, բազմիցս սպառնացել է Նաիրայի հորը, որ կնվաստացնի դստերը` նրա մերկ նկարները ցուցադրելով, եւ կվնասի Նաիրային ու նրա երեխաներին, ինչը չանելու համար պահանջել եւ նրա հորից ստացել է խոշոր չափերի գումար:
Երեկ նշանակված դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով, քանի որ ամբաստանյալների առողջական վիճակը վատացել էր: Շտապօգնություն էին կանչել եւ նրանց բուժօգնություն ցուցաբերել: Իսկ տուժողը` Նաիրա Հարությունյանը, դատարան չէր ներկայացել: Բացի այդ, դատակոչված 9 վկաներից միայն մեկն էր ներկայացել, ուստի դատարանը որոշեց վկաներից մի քանիսի եւ տուժողի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնել: Նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 3-ը, իսկ «Ժողովուրդ»-ը զրուցեց  պաշտպանների եւ միակ վկայի հետ:
Հ. Գեւորգյանի պաշտպան Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում միայն ասաց, որ նախաքննությունը «խիստ թերի է» կատարված, որը փորձում են լրացնել դատարանում: Գարիկ Հարությունյանի պաշտպան Մարինե Թովմասյանն էլ հավելեց, որ ընդամենը մեկ ցուցմունքի վրա է հիմնված իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը. «Եթե ամեն ինչ օրենքի շրջանակներում լիներ, արարքը հիմնավորված լիներ, ապացույցների մասով որեւէ վիճահարույց խնդիր չլիներ, իմ պաշտպանյալը հանցագործություն արած լիներ՝ մենք արագացված դատաքննություն կմիջնորդեինք՝ մեղքն ընդունելով: Բայց քանի որ չենք ընդունում մեղքը, ամեն ապացույց վեճի առարկա է դառնում… Այդ պարագայում գտնում ենք, որ թերի նախաքննություն է եղել: Կոնկրետ իմ պաշտպանյալի մասով մի ցուցմունք է… Այսինքն՝ հստակեցված չէ` իմ պաշտպանյալի գործողություններն ինչքանով են առնչվել, ինչքանով է գիտակցել, որ իր արածը հանցանք է, եւ դրել են, թե միասին են կատարել, բայց այդպես չէ: Այսինքն, եթե նույնիսկ այդ ցուցմունքը համադրեն այլ ապացույցների հետ, հնարավորություն չեն ունենա համադրելու, գնահատելու, քանի որ այլ ապացույց՝ որպես այդպիսին, չկա: Առավել եւս, որ տուժողը (Նաիրան) իր ցուցմունքում ասել է, որ Գարիկը ուղղակի մեզ հետ էր մեր խնդրանքով, մեր ապահովության համար: Մինչդեռ նախաքննական մարմինը նրա վրա դերակատարություն է դրել (հսկելու)»:
Ի դեպ, խոսքը մեկ օր «պատանդ» պահելու մասին է. հաջորդ օրը ոստիկանները մտել են Հրաչենց տուն եւ նրան տարել բաժին, իսկ մինչ այդ զույգը կարծես թե հասցրել է Նաիրայի հորից ստանալ պահանջած 1 մլն 700 հզ. գումարի մի մասը միայն:
Ըստ պաշտպանի՝ Նաիրայի հայրն ու որդին քաղհայց չեն ներկայացրել, եւ Նաիրայի հարցաքննությունը դեռ պետք է շարունակվի: Նրանք փաստացի ամուսիններ են եղել, եւ «տուժողն ինքն էլ չի ժխտում, որ իրենք մտերմիկ հարաբերություններ են ունեցել»:   
Զրուցեցինք նաեւ միակ վկայի՝ Զարուհի Շահմուրադյանի հետ, որն ասաց, որ Նաիրայի սկեսրոջ հարեւանուհին է: Նաիրայի հետ ծանոթացել է նրանից հագուստ գնելու առիթով: Ըստ վկայի՝ Նաիրան հրաշալի ամուսին, սկեսրայր ու սկեսուր ունի, եւ հետագայում իմանալով Հրաչի հետ նրա կապի մասին՝ չի արդարացրել նրան: Հորդորել է կա՛մ բաժանվել ամուսնուց, կա՛մ հեռու մնալ Հրաչից, սակայն Նաիրան խաբել է Զարուհուն եւ ասել, թե Սանկտ-Պետերբուրգում գտնվող ամուսինն իրեն ծեծում է եւ երեխաներին տիրություն չի անում: Որպեսզի հարեւանուհին համոզվի, Նաիրան զանգահարել է ինչ-որ մեկին, եւ հեռախոսի միջից լսվել է մի տղամարդու ձայն, որն ասել է. «Ինչ ուզում ես արա՛, ոնց ուզում ես՝ երեխաներից պահի»: Ըստ Զարուհու՝ Նաիրայի եւ Հրաչի միջեւ կապը 2-3 տարի տեւել է: Համենայնդեպս, ինքը 2 տարի առաջ է Նաիրայի միջոցով ծանոթացել Հրաչի հետ՝ հեռախոսով, միշտ խոսել են, բայց նրան երբեք անձամբ չէր տեսել:
Դատարանում երեկ նա առաջին անգամ էր տեսնում ամբաստանյալին, ում Նաիրան սկզբում ներկայացրել էր որպես զինվորական, որն աշխատում է Բագրատաշենի մաքսատանը: Սակայն երբ տեսել էր նրա լուսանկարը, միանգամից հասկացել էր, որ գտնվում է կալանավայրում: Հարեւանուհին նաեւ նշեց, որ Հրաչյան միշտ կալանավայրից փող, հագուստ, զարդեր է ուղարկել Նաիրային, փոքր որդին էլ Հրաչյային «պապա է ասել»:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս