ԳՈՎԱԶԴՈՒՄ ԵՆ ԻՄԻՏԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի փաստ է, որ արդարադատության համակարգը Հայաստանում գտնվում է ծանր դեպրեսիայի մեջ: Երկրում հաստատված քրեաօլիգարխիկ բարքերը հոշոտում են ոչ միայն տնտեսական ոլորտը, այլեւ առաջին հերթին դատական համակարգը: Այսօր մարդիկ թողնում ու հեռանում են երկրից ոչ միայն տնտեսական անմխիթար պայմանների, այլեւ արդարադատության բացակայության պատճառով: Արդ, տեսնենք, թե հայրենի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ նշված են այն ծախսերը, որոնք արվել են դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ: Այսպես. «Հասարակական կյանք, անվտանգություն եւ դատական գործունեություն» վերնագրի ներքո ներկայացված ֆինանսական հոսքերի խճանկարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2011թ. պետական բյուջեից տրամադրվել է 9,4 մլրդ դրամ, որն ապահովել է ծրագրի կատարումը 100%-ով: Պարզվում է՝ նախորդ տարվա համեմատ այս ծախսերն աճել են 7.4%-ով՝ հիմնականում պայմանավորված դատարանների պահպանության եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի» շրջանակներում կատարված ծախսերի աճով:
Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ վարկային ծրագրի» շրջանակներում 2011թ. արվել են 2.4 մլրդ ծախսեր, որից 503.7 մլն դրամը կատարվել է կառավարության համաֆինանսավորման հաշվին: Այս ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից, որոնցից «դատարանների շենքերի վերականգնում» ենթակետում նշվում է, թե 2011թ. ավարտվել եւ շահագործման են հանձնվել Եղեգնաձորի, Իջեւանի, Մեղրու եւ Ապարանի ընդհանուր իրավասության դատարանների նորակառույց շենքերը, ՀՀ արդարադատության ակադեմիայի եւ փորձագիտական կենտրոնի շենքերը: Ընդհանուր բնույթի ծախսերից բացի, պետբյուջեի կատարողականում, սակայն, չի մասնավորեցված, թե կոնկրետ այս շինարարական աշխատանքների վրա որքան գումար է ծախսվել: Դատաիրավական բարեփոխումների համատեքստում կառավարությունը փոխանակ նախ եւ առաջ շտկի գործող դատարաններում տիրող իրավիճակը, նորերն է կառուցում՝ խնդիրներին այդպես էլ համալիր լուծում չտալով:
ՀԲ-ի աջակցությամբ վերոհիշյալ ծրագրում առանձնացվում է «իրավական տեղեկատվության մատչելիության ընդարձակում եւ հանրային իրազեկության բարձրացում» բաղադրիչը: Ծրագրի շրջանակներում գումարներ են ծախսվել Հայաստանի բոլոր դատարաններում` դրանց կառավարման ծրագրի (CAST) տեղադրման աշխատանքների իրականացման վրա, ինչպես նաեւ անցկացվել են CAST ծրագրի ուսուցման դասընթացներ: Հավանաբար կառավարությունում մտածել են, որ ծրագիրը չի կարող հաջողության հասնել եւ նպաստել բարեփոխումների իրականացմանը, եթե համապատասխան գովազդ չարվի այդ ուղղությամբ: Բարեփոխումներն էլ ամբողջական չեն լինի, եթե հասարակությունը հեռուստացույցով չտեսնի, որ դատական համակարգում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ լուրջ քայլեր են կատարվել:
Եւ ահա այս կարեւորագույն խնդիրը լուծելու համար գերակա է եղել այդ սուղ ֆինանսական միջոցներով ֆիլմ նկարահանելն ու ցուցադրելը: Այսպես, պետբյուջեի կատարողականում ազդարարված է, որ իրականացվել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումների ծրագրով իրականացված արդյունքների վերաբերյալ հեռուստատեսային վավերագրական ֆիլմի պատրաստման եւ համապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքով հեռարձակման ծառայություններ: Այս եւ մի քանի այլ աշխատանքների վրա (www.arlis.am եւ www.datalex.am տեղեկատվական կայքերի իրազեկման տեսահոլովակների պատրաստում, դատավարական օրենսդրության նախագծերի մշակում, իրավաբանական ծառայությունների մատչելիության վերաբերյալ տպագիր շաբաթական հավելվածի պատրաստում եւ այլն) ճապոնական դրամաշնորհի շրջանակներում ծախսվել է 40,1 մլն եւ կառավարության համաֆինանսավորման հաշվին՝ 8,1 մլն դրամ գումար: Ստացվում է՝ միայն 48,2 մլն դրամ են հատկացրել այն բանի համար, որ հասարակությունն ինչ-ինչ «բարեփոխումների» մասին տեղեկատվություն ստանա:
Իշխանությունների թմբկահարություններն իրենց իրականացրած «բարեփոխումների» շուրջ, միլիոնների ծախսերն այդ մասին գովազդային տեսահոլովակներ պատրաստելու, ֆիլմեր նկարահանելու եւ հանրապետության ողջ տարածքով սփռելու ուղղությամբ հետապնդում են լոկ իմիտացիոն նպատակներ: Այսօր դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ, իսկ քաղաքացիների 70-80 տոկոսը «ծայրահեղ մակարդակին մոտ անվստահություն» ունի այդ համակարգի նկատմամբ (ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի հավաստմամբ (25.01.2012թ.)): Այս համատեքստում կառավարությունն իրական բարեփոխումներ անելու փոխարեն գովազդում է չեղած ռեֆորմները եւ խստորեն հետեւում «հայլուրային Հայաստանի ավանդույթների» շարունակությանը՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելով:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս