Երեկ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխվեց Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերջին մեծ կտորը: Մինչ այդ՝ դեռ նախորդ ամիս, նիստերի դահլիճ էր տեղափոխվել որմնանկարի եւս երկու կտոր: «Հայկական հովվերգության» մի կտորն արդեն իսկ ամրացվել է նիստերի դահլիճի պատին: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Ազատ Թովմասյանի վստահեցմամբ՝ մյուս երկու կտորների վերականգնման եւ ամրակայման աշխատանքները կիրականացվեն միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանն ամբողջությամբ վճարի հիմնադրամին ունեցած պարտքը, որը կազմում է 4 մլն դրամ` պայմանագրով, եւ հարակից ծախսերի համար` 6 մլն դրամ, որը խոստացել էր նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ա. Թովմասյանի տեղեկացմամբ՝ մոտ 15-20 օր առաջ քաղաքապետարանը հիմնադրամին է փոխանցել 1 մլն դրամ, բայց այդ գումարով նրանք հարց լուծել չեն կարողանա: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը գումարը չստանալու դեպքում պատրաստվում է դիմել դատարան:
«Մենք զգուշացրել ենք, նամակ ենք գրել, ասել ենք, որ իրավիճակն այսպիսին է. 8 մլն-ից ավելի պարտք ենք իտալացիներին՝ վերջին փուլի աշխատանքների ու որմնանկարի վերականգնման համար օգտագործված նյութերի դիմաց: Թողնենք, որ իտալացիները մեզ դատի՞ տան: Բայց մենք էլ կախված ենք քաղաքապետարանից: Գումարը պիտի տան, որ մենք էլ փոխանցենք նրանց»,-նշեց Ա. Թովմասյանը:
«Հայկական հովվերգություն»-ը Մինասի ամենամեծ որմնանկարն է: Այն գտնվում էր Գյումրու նախկին Մեքենաշինական գործարանի ճաշարանում: ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 2-ի որոշմամբ որմնանկարը պետք է տեղափոխվի Գյումրու քաղաքապետարանի շենք: Քաղաքապետարանի եւ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի միջեւ կնքվել է պայմանագիր, որով քաղաքապետարանը պարտավորվել է վճարել 37 մլն դրամ՝ ընդհանուր աշխատանքների համար: Սակայն մինչ օրս վճարել է 33 մլն դրամ: Բացի այդ, նախկին քաղաքապետը խոստացել է որմնանկարի վերականգնման հարակից աշխատանքների համար վճարել եւս 6 մլն դրամ, ինչը չի նշվել պայմանագրում:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի հրաժարվում պայմանագրում նշված գումարը վճարելուց (չնայած որ վճարման ժամկետները վաղուց ավարտվել են), բայց հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ նախկին քաղաքապետի խոստացած գումարը՝ հարակից ծախսերի համար, չի պատրաստվում վճարել: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ, գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը մեզ փոխանցեց, որ երբ վերջին կտորի տեղափոխումից հետո հիմնադրամը կներկայացնի կատարողական ակտը, ըստ այդմ՝ քաղաքապետարանը կվճարի 4 մլն դրամ պարտքը:
«Հայկական հովվերգության» վերականգնման աշխատանքներին, բացի իտալացի վարպետներից, մասնակցել են նաեւ տեղի մասնագետներ եւ երիտասարդ ուսանողներ: Գեղանկարչի աշխատանքներից մնացել է վերականգնել միայն «Արմենիա»-ն, որ գտնվում է Վահրամաբերդ գյուղում:
Գյումրի