Դերասանուհի Լիլի Էլբակյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում մեծ իրարանցում առաջացրեց: Նա գրել էր. ««Հայաստանի ձայնը» նախագծում անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում նաեւ իմ քույր Եվան եւ դա նկարահանվել է: Այսօր նորից են կանչել, ուրիշ երգ երգացրել ու ասել, որ չեք անցել ու նոր մարդիկ են ճխտել: Հիասթափված եմ էտ նախագծից»:
Մենք միանգամից գտանք նախագծից անհասկանալի պատճառներով դուրս մնացած մասնակցին՝ Եվա Ոսկանյանին, որը «Eva» ռոք խմբի հիմնադիրն է: Խումբը ստեղծվել է 2007 թվականին, ունեն 3 տեսահոլովակ, մասնակցել են Ազգային երաժշտական մրցանակաբաշխություններին, մի քանի անգամ նոմինացվել: Ունեցել են համերգներ ոչ միայն Հայաստանում, այլեւ Չեխիայում, Գերմանիայում, Վրաստանում… Անցած տարի խմբի գործունեությունը դադարեցվել էր, բայց հիմա նրանք կրկին սկսել են իրենց աշխատանքները:
-Ձեր խումբն ունեք, համերգներ եք տալիս, մրցույթին մասնակցելու նպատակը ո՞րն էր:
-Քանի որ խումբը դադարի մեջ էր, ես կարծես պարփակվել էի ինքս իմ մեջ, նորություն ու թարմություն էի ուզում: Դրա համար էլ մասնակցեցի «Հայաստանի ձայնը» մրցույթին: Վերջին օրն եմ մասնակցությանս հայտը ներկայացրել: Մասնակցեցի կույր լսումներին, ժյուրիի բոլոր անդամներն էլ պտտվեցին, ես ընտրեցի Արտո Թունջբոյաջյանին, որովհետեւ խոստացել էի ինքս ինձ, որ կգնամ նրա մոտ, ով իմ ձայնին առաջինը կարձագանքի: Կազմավորվեցին թիմերը՝ ամեն տեղ 12 հոգի, հետո պարզվեց, որ չանցածներից եւս 2 հոգի վերադառնում է ամեն մարզչի թիմ, այսինքն՝ թիմում դառնում ենք 14 հոգի: Երկրորդ փուլում 14-ից մնում են 7-ը, այդ փուլն էլ անցա ու հենց այդ օրը, որ անցա, այդ գիշեր՝ ժամը 00:00-ին, ինձ զանգեցին ու ասացին, որ հենց հաջորդ օրը ներկայանամ: Գնացի, ու պարզվեց, որ 7 հոգուց պետք է մնան 6-ը, այսինքն՝ իրենք ինչ-որ ենթափուլ են ստեղծել 3-րդ փուլ անցնելու համար: Նկարահանում էլ եղել է: Ուղղակի ամեն ինչ շատ անսպասելի էր, էլի մի աղջիկ էր մնացել ինձ պես, մենք երգեցինք մեր առաջին փուլի երգերը: Հետո էլ Արտոն որոշեց, որ 7-րդ մասնակիցը, որը չի անցնում, ես եմ: Ինձ համար խաղն արդեն ավարտված է:
-Ավարտված է Ձեզ համար անհասկանալի պատճառներո՞վ, կազմակերպիչներից չպարզեցի՞ք պատճառը:
-Այդտեղ կազմակերպիչները կապ չունեն, արդեն խոսում է իմ մարզիչը, բացատրում է՝ ինչու:
-Եւ ինչո՞ւ:
-Ինքը փորձեց բացատրել, բայց ամեն մեկը դա կհասկանա իր ձեւով: Մարզիչներն էլ այդ պահին շփոթված են լինում: Ինչպես ես հասկացա, կոնկրետ իմ մարզիչն այդ փուլի մասին իմացել է հենց այդ օրը, եթե ես չեմ սխալվում, հստակ չեմ կարող ասել: Պետք էր, որ ամեն մարզչի մոտից մի հոգի պակասի, դրա համար էլ ամեն խմբից մեկը գնաց, 28 հոգուց մնացին 24-ը:
-Փաստորեն, Ձեզ նույնիսկ պատրաստվելու օր չեն տվել, չդժգոհեցի՞ք, որ անսպասելի կանչել են:
-Ես ուղղակի այնքան ոչ կոնֆլիկտային մարդ եմ, միշտ պարտաճանաչ արել եմ այն ամենը, ինչ ինձնից պահանջվել է: Չեմ բողոքել երբեք, բայց կային շատերը, որ բողոքում էին, ու ինձ թվում է՝ հենց դրա հաշվին էլ նրանք շահում էին: Սա իմ առաջին մրցութային փորձն է ու երեւի թե վերջինը: Ես հասկացա, որ մրցույթներում պետք է լինես եսակենտրոն, էգոիստ, ինքնասիրահարված ու բոլորին կենտրոնացնես քո անձի շուրջ, ինչը ես չեմ սիրում:
-Մրցույթի մասնակիցներից մեկից լսել եմ նաեւ, որ իր ելույթի ժամանակ բարձրախոսի ձայնը ցածրացրած է եղել: Դուք նկատե՞լ եք նմանատիպ միտումնավոր սարքված տեխնիկական թերություններ կամ որ Ձեր չցանկացած երգը պարտադրեն երգել:
-Ես չգիտեմ՝ ով ինչ դժգոհություններ ունի, բայց գիտեմ, որ եղել են էրեխեք, որոնք ոչ իրենց սրտով երգեր են կատարել: Այդ մարդիկ հստակ սահմանված կանոններ ունեն, դու կա՛մ հարմարվում ես, կա՛մ չես հարմարվում: Ես փորձել եմ հարմարվել, որ իրենց գործը չբարդացնեմ: Մեծ անձնակազմ է աշխատում, իրենց էլ մեղադրելու չէ:
-Հետաքրքիր է, իսկ մարզիչները բարեխղճորեն պարապո՞ւմ են Ձեզ հետ, ժամանակ հատկացնո՞ւմ են, մարզո՞ւմ են, ինչպես որ իրենց կոչումն է:
-Աշխատանք եղել է՝ չնայած շատ բաներ մենք ինքներս ենք արել: Ես ամենից շատ շշմած էի Սոֆիի աշխատանքից: Այդ աղջկա մասին շատ բացասական են խոսում, բայց ես ներկա եմ եղել ու տեսել եմ՝ ինքը ինչ մեծ ջանասիրությամբ է աշխատում, իրոք հիացած էի:
-Կողմնապահություն նկատե՞լ եք:
-Ամեն տեղ էլ դա կա, առանց դրա չի լինում:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆ»-Ի ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ