Եվայի դուրս մնալը «Հայաստանի ձայնը» նախագծի կազմակերպիչներին մտածելու տեղիք տվեց, եւ նրանք որոշեցին վերջապես բացատրել «THE VOICE» միջազգային ձեւաչափի կանոնները: Ահա թե ինչպիսին են դրանք. «Կույր լսումներ» փուլում ձեւաչափը նախագծի մարզիչներին հնարավորություն է ընձեռում օգտվելու WILD CARD-ի իրավունքից: Այն կարող է կիրառվել միայն «Կույր լսումներ» փուլի ավարտից հետո: WILD CARD-ը հնարավորություն է տալիս նախագիծ վերադարձնել մրցույթից դուրս մնացած տաղանդավոր մասնակիցներից մի քանիսին:
Համաձայն THE VOICE ձեւաչափի կանոնների՝ WILD CARD-ով նախագիծ վերադարձվող մասնակիցների նախնական ընտրությունը նախագծի երաժշտական պրոդյուսերի գործառույթն է: Համապատասխանաբար, «Հայաստանի ձայնը» նախագծի երաժշտական պրոդյուսերը՝ Հայկոն, «Կույր լսումներ» փուլից դուրս մնացած մասնակիցներից ընտրել է այն ութնյակին, որից, համաձայն շոուի կանոնների, կրկին «Կույր լսումների» միջոցով մարզիչները նախագիծ կարող են վերադարձնել միայն 4-ին:
«Կույր լսումներ» փուլի եւ WILD CARD-ի արդյունքում «Մենամարտ» փուլ են անցնում 56 մասնակիցներ. յուրաքանչյուր մարզչի թիմում՝ 14 մասնակից: «Կույր լսումներ» փուլի ավարտին աստղային մարզիչներից յուրաքանչյուրը ունենում է 13 մասնակից, իսկ WILD CARD-ից հետո յուրաքանչյուր մարզիչ իր խումբ է վերադարձնում եւս 1 մասնակցի: Ընդհանուր հաշվով մասնակիցների վերջնական թիվը պետք է լինի զույգ՝ 14:
Ըստ մրցույթի կանոնների՝ նախագծի «Մենամարտ» փուլի ավարտին յուրաքանչյուր մարզչի թիմում համալրված բացառիկ ձայնային տվյալներով օժտված 14 մասնակիցներից ընդամենը 6-ն են անցնում գալահամերգային փուլ:
«Մենամարտ» փուլում յուրաքանչյուր մարզչի 14 մասնակիցները երգում են 7 զուգերգ, նրանցից միայն 7-ն են այն հավանական հավակնորդները, որոնք պետք է անցնեն գալահամերգային փուլ՝ պայքարը շարունակելու: Քանի որ, ըստ նախագծի ձեւաչափի, յուրաքանչյուր մարզչի թիմից միայն 6 մասնակից կարող է անցնել գալահամերգային փուլ, մարզիչը վերոնշյալ 7 մասնակիցներից 5-ին վստահաբար անցկացնում է հաջորդ փուլ, իսկ 2-ին տալիս կարմիր գոտում եւս մեկ անգամ երգելու հնարավորություն, որից հետո նրանցից մեկին ընձեռում նախագծում պայքարը շարունակելու իրավունք: Ի հավելումն, կարմիր գոտին վերոնշյալ 2 մասնակիցներին լրացուցիչ հնարավորություն է տալիս կրկին կատարել «Կույր լսումներ» փուլի իրենց երգը, որից հետո մարզիչն ինքն է որոշում, թե նրանցից ով է շարունակում պայքարը նախագծում: Ընդհանուր առումով գալահամերգային փուլ է անցնում 24 մասնակից՝ յուրաքանչյուր մարզչի թիմից 6-ը:
«Արմենիա» հեռուստաընկերությունը հավաստիացնում է, որ ինչպես եւ ամբողջ աշխարհում, այս պայմանների մասին բոլոր մասնակիցները նախապես տեղեկացվել են նախագծի ադմինիստրատիվ անձնակազմի կողմից:
«ԱՐՄԵՆԻԱ»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ