ՀԱՐՑ. Առիթ ունեցա դատական գործի շրջանակներում դիմել փաստաբանի օգնությանը: Վերջինս իր ծառայությունների դիմաց մեծ գումար պահանջեց, դեռ ավելին, դատն էլ տանուլ տվեց: Լսել եմ, որ ոչ բոլոր դեպքերում է, որ փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալ իր ծառայությունների դիմաց: Իրո՞ք այդպես է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի ու վստահորդի միջեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով: Պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնությունը քրեական գործերով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ հետեւյալ դեպքերում.
1. ալիմենտի գանձման վերաբերյալ գործերով,
2. խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերով:
Անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է ՀՀ փաստաբանների պալատը` պետության հաշվին:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը նախատեսում է, որ անվճար իրավաբանական օգնություն կարող է ցույց տրվել նաեւ փաստաբանի նախաձեռնությամբ, սակայն մեր երկրում նման դեպքերը, թերեւս, եզակի են: Առավել հաճախ տեղի է ունենում հակառակը, երբ փաստաբաններն իրենց վստահորդներից ամեն կերպ փորձում են հնարավորինս շատ գումար պոկել: