ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նպատակադրված մեկնում էի Վրաստան` մեքենա գնելու: Ինձ մոտ կար կանխիկ գումար՝ 6 մլն դրամի չափով: Դրանից շուրջ մեկ մլն-ն մաքսայինները ստիպեցին հայտարարագրել, այլապես ստիպված էի տուգանք վճարել: Մի՞թե մաքսակետում օրինական են վարվել ինձ հետ: Որքա՞ն գումար կարող էի արտահանել ՀՀ տարածքից, եւ կա՞ն սահմանված տուգանքներ:

Գնել Վարդանյան (41 տարեկան, գործարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ֆիզիկական անձինք պետք է իմանան, որ իրավունք ունեն առանց որեւէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, ՀՀ-ից արտահանել մինչեւ 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ եւ համարժեք կանխիկ արտարժույթ` արտահայտված թղթադրամների եւ մետաղադրամների տեսքով, ինչպես նաեւ վճարային արժեթղթեր: Վերջինս հաշվարկվում է ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հայտարարված՝ արժութային շուկայում տվյալ օրվա համար ձեւավորված միջին փոխարժեքների հիման վրա, իսկ ԿԲ-ի կողմից տվյալ արտարժույթի նկատմամբ փոխարժեք հայտարարված չլինելու դեպքում այն հաշվարկվում է՝ հիմք ընդունելով տվյալ օրվա տվյալ արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ եւ ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ:
Նշված գումարը գերազանցելու դեպքում ՀՀ դրամի եւ արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը՝ գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ: Նշված գումարների գերազանցման դեպքում նշանակվում է տուգանք ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով, մասնավորապես՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելը:

Պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բավարար չափով իրազեկված չլինելու պատճառով քաղաքացիները հաճախակի են հայտնվում տհաճ իրավիճակներում եւ կրում դրանից բխող անցանկալի հետեւանքները: Ինչպես պարզվեց, կոնկրետ այս դեպքում մաքսային ծառայության աշխատակիցների պահանջը եղել է բացառապես օրենքի շրջանակներում եւ բխել քաղաքացու շահերից:




Լրահոս