Վալերի Օսիպյանը հղում է կատարել օրենքին` առանց հասկանալու «պարտավոր է» բառի իմաստը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի փոխոստիկանապետ, տխրահռչակ Վալերի Օսիպյանը նախորդ օրը, այսինքն՝ նստացույցը ցրելուց մի քանի ժամ առաջ, նստացույցի մասնակիցների հետ բանակցությունների ընթացքում պարբերաբար հիշատակում էր «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը: Օսիպյանն այդ դրույթը պարբերաբար կրկնում էր իբրեւ հիմնավորում, թե իբր նստացույցի մասնակիցների գործողություններն անօրինական են:

Այսինքն՝ կարելի է կարծել, որ ո՛չ Օսիպյանը, ո՛չ նրա անմիջական ղեկավար Աշոտ Կարապետյանը նշված դրույթը չեն ընթերցել կամ էլ ընթերցել, չեն հասկացել, թե այնտեղ ինչ է գրված: Իսկ գրված է. «Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, եւ որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Եթե հավաքը խաղաղ բնույթունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»:

Թերեւս իմաստ ունի վերջին նախադասությունը եւս  մեկ անգամ կրկնել Օսիպյանի եւ մնացած բոլոր ոստիկանների համար. «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»: Լավ կլինի, որ ոստիկանները «պարտավոր է» բառը մի հիսուն անգամ կրկնեն, եթե դրանից հետո նրանց մեջ կլինեն այնպիսիները, որ այդ բառի իմաստը չեն հասկանա, կարող են դիմել բացատրական բառարանների օգնությանը:

Կրկնում ենք՝ ՀՀ օրենսդրությունը ոստիկանությանը թույլ չի տալիս խաղաղ հավաքի նկատմամբ որեւէ ուժային գործողություն կատարել: Ավելին՝ նստացույցի մասնակիցները ոստիկանության բռնություններին հակադարձելու փորձ անգամ չեն արել:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս