«Լինի Բիբին, թե Բիբինյան` ինքն է որոշում հոսանքը ինչ գնով տալ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն ընթացքը, որը կա, ոչինչ չի բերի: Հոսանքը մերը չէ, իրենցն է՝ լինի հայ, ռուս, Բիբին, թե Բիբինյան` իրենք են որոշում՝ ինչ գնով այն տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիաներին` նման գնահատական տվեց դերասան Սերգեյ Դանիելյանը:

Ըստ նրա, այս վիճակը երկու լուծում ունի՝ կա´մ կմարի, կա´մ ոստիկանապետը հերթական անգամ Աստծո առաջ կխաչակնքվի ու տանկերը կքշի ժողովրդի վրա:

Դերասանի կարծիքով, իշխանության դեմ գնալը փակուղի է տանում և իսկական քաղաքացիական անհանդուրժողականությունը, բողոքը ցույց տալու համար պետք է պայքարի այլ ուղի ընտրել:

«Ինձ թվում է, որ կա պայքարի այլ  ճանապարհ՝ ապրանքը տալիս են քեզ, մի´ առ: Կարելի է օրական մի ժամով անջատել լույսը: Դրանով ո´չ սառնարանում միսը կհալվի, ո´չ երեխայի կաթը կփչանա: Արտադրողը մեզ է վնաս պատճառում, մեր գրպանին է խփում, մենք էլ այս ճանապարհով իր գրպանին կխփենք»,- նշեց դերասանը:

Անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի` Ազգային ժողովում կայացած լսումներին ներկա չգտնվելուն, Սերգեյ Դանիելյանն ասաց, որ դա գալիս է մեր իշխանության կեցվածքից:

«Երկրի ղեկավարին դուք չեք հարգում, նա ինչո՞ւ պետք է հարգի: Մեզ դիտում են որպես միավոր պետություն, նայում են որպես վասալ: Ծախել պրծել են, փողը մեջ-մեջ արել պրծել են, էլ ինչո՞ւ պիտի գա»:

Հարցին` ինչպես է գնահատում ոստիկանների աշխատանքը, բռնությունը ցուցարարների հանդեպ, Դանիելյանը պատասխանեց, որ այստեղ զարմանալու ոչինչ չկա. «Ոստիկանը նրա համար է, որ բռնության դիմի, ոչ մի ժողովուրդ իր ոստիկանությունով չի երդվում»:

Արփինե Թովմասյան




Լրահոս