Երեկ ոստիկանների և ցուցարարների միջև կենդանի պատ կազմած անձանց թվում էր նաև ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Armlur.am-ը զրուցեց պատգամավորի հետ` հասկանալու համար` իրենք այսօր կրկին կլինեն ցուցարարների կողքին, թե ոչ:
– Տիկին Բիշարյան, այսօր կրկին պատրաստվո՞ւմ եք գնալ Բաղրամյան պողոտա և լինել ցուցարարների կողքին:
– Այսպես ասած, ուժերս հավաքեմ… Այնպես չէ, որ մեկ անգամվա կամ մեկ ժամի համար բան ենք անում, մենք մշտապես աջակցում ենք: Մեր «Հայկական վերածնունդ»-ի երիտմիությունն ամբողջությամբ գիշեր-ցերեկ են այնտեղ, մենք աջակցում ենք, որովհետև մեր հարազատները, մեր բարեկամները, մեր հայրենակիցներն են այնտեղ և մենք պարտավոր ենք իրենց կողքին լինելու, որպեսզի որևիցէ բախումներ, արհեստական միջադեպեր չառաջանան: Մենք մշտապես ենք լինելու իրենց կողքին:
– Իսկ ինչ արդյունքներ եք ակնկալում:
– Դա չեմ կարող ասել: Ինչ որ ցանկանում ենք, դա մի բան է, բայց ինչ կստանանք արդյունքում, դա ժամանակը ցույց կտա: Մեր երկրի, կառավարության խոհեմ վերաբերմունքը եթե լինի, հարցը լուծում կստանա, որովհետև այսօր 300 մլն բարդել խեղճ ժողովրդի ուսերին, դա, կարծում եմ, ազնիվ չէ: Ով լափել է, ով կերել է, ով դրանից էլ տեղյակ է, թող նա էլ բերի, դնի տեղը:
– Ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները գտնվում են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Սա կարծես թե աննախադեպ երևույթ է:
– Միջազգային կազմակերպություններ ուզենք, թե չուզենք կան մեր երկրում: Վերջին ժամանակահատվածում սոցիալական բողոքի ակցիաները բավականին շատ են մեր երկրում և այս գործընթացները դառնում են տեղիք, որպեսզի դրանք դառնան ուշադրության առարկա: Ես տեսել եմ ռուսական լրատվամիջոցների արձագանքը և պետք է ասեմ, որ այստեղ նշանակություն ունի այն, որ մենք վերջին ժամանակներս համագործակցում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների հետ և նրանց կարող է մտահոգել այն ներքին իրավիճակը, որն առաջացրել է նման բունտեր: Այդ տեսանկյունից ես գտնում եմ, որ ուշադրության առարկա միանշանակ կդառնա, քանի որ մեզ էլ է հետաքրքրում, թե մյուս երկրներում ինչպիսի իրավիճակ է տիրում: Ես սա բնական եմ համարում: