Անահիտ Բախշյանն առաջարկել է Երևանի ավագանու նիստում քննարկել Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի վերջին նիստում, նախքան օրակարգի հաստատումը, «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով խմբակցության անունից առաջարկել է նիստի օրակարգում ընդգրկել մայրաքաղաքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների քննարկման և գնահատական տալու մասին հարց:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը, անդրադառնալով բարձրացված հարցին, նշել է, որ այն բավական նուրբ է և ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական վերաբերմունքի ու գնահատականի կարիք ունի, ուստի առաջարկել է հարցը նախ քննարկել խմբակցություններում, ապա նոր անդրադառնալ դրան: Այնուհետ ավագանին քվեարկության ձայների 5 կողմ, 39 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել է նիստի օրակարգում ներառելու «Բարև Երևան» խմբակցության առաջարկությունը, ինչից հետո խմբակցության անդամները լքել են դահլիճը: Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ համաձայնություն է տվել թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Տեր-Ստեփանյանի, պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Թադևոս Հակոբյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին: Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև «Վանի 1915 թվականի հերոսամարտի» և բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անուններով փողոցներ անվանակոչելու մասին որոշման նախագծերը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Շինարարների փողոցի հ.6 և հ.15, Մարգարյան փողոցի հ.45 և Սիսակյան փողոցի հ.16 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերում հասցեները տրամադրվելու են 4-րդ կարգի քանդման ենթակա վթարային շենքում բնակվող ընտանիքներին, ավագանին որոշել է հասցեների տրամադրման դիմաց ավագանու որոշմամբ գանձվող վճարը սահմանել մեկ միավոր գույքի համար 500 դրամի չափով։ Օրակարգում ընդգրված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Նիստի ավարտին Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը, կանոնակարգի համաձայն, ներկայացրել է Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկանք, որն ավագանին ի գիտություն է ընդունել: Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ավագանու անդամներին ներկայացնելով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված` ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի բարեկամ և գործընկեր քաղաքներում միջոցառումների ընթացքը, նաև դեռևս սպասվող միջոցառումները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին դրանց կազմակերպմանն ու անցկացմանը ցուցաբերած մեծ աջակցության համար:

Դեմոյանը նաև նշել է, որ այդ առնչությամբ շարունակաբար դրական արձագանքներ է ստանում բազմաթիվ երկրներից ու քաղաքներից: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին անդրադարձել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված և անցկացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին: Այդպիսով Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանն ավարտել է իր աշխատանքը: Ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի սեպտեմբերին:




Լրահոս