Պետական բյուջեն կատարվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ հավելուրդով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 752.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ շուրջ 751.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 80.9% ով և 76.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին՝ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների՝ սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: ,Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելովև պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես՝ արտաբյուջետային եկամուտները կազմել են 20.9 մլրդ դրամ կամ նախատեսված տարեկան մուտքերի 88.5%-ը, իսկ ծախսերը՝ 16.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 62.5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 731.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 734.7 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ծրագրի համապատասխանաբար 80.7% և 77.3% կատարողական:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.1%-ով կամ շուրջ 63 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը՝ այլ եկամուտների, 0.6%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.5% ով կամ 32.1 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 691.9 մլրդ դրամ՝ 77.8%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.2%-ով կամ 52.5 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեի հավելուրդը
2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 1.5 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրով նախատեսված 46.6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդն առաջացել է պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների օգտագործման արդյունքում, որոնց գծով հավելուրդը կազմել է 4.5 մլրդ դրամ: Առանց արտաբյուջետային միջոցների, պետական բյուջեն կատարվել է շուրջ 3 մլրդ դրամ պակասուրդով:
Պետական բյուջեի հավելուրդի ներքին աղբյուրները կազմել են -12.8 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները՝ 11.2 մլրդ դրամ: Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների ծրագրայինից շեղումների արդյունքում բյուջեի ազատ միջոցներից ծրագրով նախատեսված 23.6 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 16.6 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեի հունվար-հոկտեմբեր ամիսների կատարման հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի ,նորություններե բաժնում:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս