Այսօր տեղի ունեցավ «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի ձեռքբերումների ամփոփման մամուլի ասուլիսը: ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներն անդրադարձան Հայաստանում երեխաների առողջության և սնուցման առկա իրավիճակին, պետության ռազմավարությանն ու ընթացիկ բարեփոխումներին, կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:
«Առաջին 1000 օրը ներառում են պտղի ներարգանդային զարգացման 9 ամիսն ու երեխայի ծնունդին հաջորդող 2 տարին: Մոր և երեխայի ճիշտ սնուցումը, գրագետ խնամքը կարևոր են հետագա ամբողջ կյանքի համար, քանի որ այս տարիքում աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման և խնամքի կազմակերպման դեպքում»,- ողջունելով ներկաներին, ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, լրացնելով փոխնախարարի խոսքը, ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ: «Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերաճության պատճառը շատ ժամանակ ոչ ճիշտ սննդակարգն է, որը հաճախ ծնողների գիտելիքների պակասի հետևանք է», – նշեց նա:
«Ծրագրի շրջանակներում տեղական բուժհաստատություններն աջակցություն են ստացել երեխաների առողջության և սնուցման հետ կապված որակյալ ծառայությունների տրամադրման գործում, իրականացվել են հանրային իրազեկման և կրթական աշխատանքներ վաղ հասակի երեխաների ծնողների շրջանում: Շուրջ 6000 վաղ հասակի երեխաների ծնողներ մասնակցել են երեխաների առողջության վերահսկման և սնուցման թեմայով դասընթացների և հանրային միջոցառումների», – հավելեց Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Նշենք, որ «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» երկամյա ծրագիրը գործում է 2014թ. փետրվարից Հայաստանի բոլոր մարզերում: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրվա ընթացքում:
Ծրագրի առաջին տարվա ամփոփումը սկսվել է մայիսի 22-ից` Տավուշի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում մեկնարկած «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես–միջոցառումների շարքով, որը կեզրափակվի Երևանում հունիսի 29-ին: