Ակտիվիստների 6-օրյա պայքարը տալիս է իր պտուղները. էլէներգիայի թանկացման մասին որոշումը կկասեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ ակտիվիստների` «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած 6-օրյա ակցիան կարծես թե տալիս է իր ցանկալի պտուղները: Armlur.am-ի` ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ մինչև օրվա վերջ կհայտարարվի իշխանությունների պատրաստակամության մասին առ այն, որ իրենք մտադիր են զիջումների գնալ և էլեկտրաէներգիայի սակագնի վերջին բարձրացման մասին կայացված որոշումը կասեցնել:

Ճիշտ է` այս պահի դրությամբ դեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ստացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից որևէ գրություն, բայց մեր աղբյուրները պնդում են, որ մինչ օրվա վերջ այդ գրությունը կհասնի Ռոբերտ Նազարյանին, էլեկտրաէներգիայի 6,93 դրամով թանկացման մասին որոշումը կկասեցվի, նախագահի հանձնարարությամբ, ըստ ամենայնի, նոր քննության կդրվի ՀԷՑ-ի ներկայացրած` սակագնի բարձրացման հայտը և նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն կառաջանա:

Հուսանք` այս անգամ Սերժ Սարգսյանն անհրաժեշտություն չի ունենա հրապարակավ դիմել Ռոբերտ Նազարյանին «Ռոբերտ ջան, սիրուն չէ» ձևակերպմամբ:




Լրահոս